Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0495 (1)
A A
Հասարակություն

ՔԿՀ-ներում 2019-ին գրանցվել է մահվան 13 դեպք (տեսանյութ)

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը, ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության  բաժնի պետ Դիանա Հովսեփյանը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանն անդրադառնում են բանտերում մահվան դեպքերին ու ՔԿՀ-ներում բուժսպասարկման հասանելիության խնդիրներին։

Բաղդասարյանի խոսքով՝ 2019 թվականին գրանցվել է դատապարտյալների մահվան 13 դեպք. 5 սիրտանոթային հիվանդություն, 1 գլխուղեղի արյան շրջանառության կապված դեպք, ինքնասպանության դեպք 1, 1 սուր լեյկոզ, լյարդի ցիռոզ 2 և այլ հիվանդություններից 3 դեպք:

Հասմիկ Հարությունյանն, անդրադառնալով բուժսպասարկմանը, նշեց, որ հաճախակի պատշաճ բուժօգնության չի տրամադրվում դատապարտյալներին։ 

Դիտորդների խմբի նախագահն անդրադարձավ Նուբարաշենում հացադուլից հետո գրանցված մահվան դեպքին՝ ընդգծելով, որ համապատասխան բուժանձնակազմը չի եղել, որպեսզի ժամանակին ու պատշաճ սպասարկում իրականացներ։ Ինքնասպանության դեպքերին անդրադառնալով՝ Հարությունյանը կարևորեց ՔԿՀ-ներում հայտնված անձանց անհրաժեշտ  հոգեբանական օգնության տրամադրումը։ 

Ռևազյանը նշեց, որ շատ են գլխուղեղի արյան շրջանառության հետ կապված մահվան դեպքերը։ 

Ըստ նրա՝ դա հիմնականում կապված է ՔԿՀ-ներում օդափոխության համակարգերի հետ, օրինակ՝ Արմավիրում և Նուբարաշենում։ 

Դիտորդների խմբի անդամի խոսքով՝ բժիշկների պակաս կա հիմնարկներում, ինչը պայմանավորված է նաև ցածր աշխատավարձով ու սոցիալական ցածր երաշխիքներով։ 

 «Վանաձոր ՔԿՀ-ում տարիներ շարունակ բժիշկ չկա», - շեշտեց նա։

Դիանա Հովսեփյանի փոխանցմամբ՝ որքան էլ ՊՈԱԿ-ում վերապատրաստում անցկացվի, եթե ՔԿՀ-ներում համապատասխան տեխնիկական հագեցվածությունը չկա, ապա ավելին հնարավոր չէ անել։ 

Անդրադառնալով քննադատություններին՝ բժշկական սպասարկման բաժնի պետի տեղակալն ասաց, որ բոլոր հիմնարկներում կա բժշկական  24-ժամյա հերթապահություն։ Նա համաձայնեց, որ առկա են թերություններ՝ նշելով նաև Ռևազյանի պնդումը կապված ցածր վարձատրության հետ։