Ադրբեջանում հաքերները խրախուսվում են երկրի նախագահի մակարդակով. ծրագրավորող (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի կողմից իրականացվող կիբերհարձակումների թիվը վերջին տարիներին գնալով աճում է։ Մասնագետները դա բացատրում են նրանով, որ Ադրբեջանի իշխանությունները չեն պատժում հաքերներին, հակառակը՝ երկրի նախագահի և նրա աղջկա մակարդակով խրախուսվում է։ Այս թեմայով «Ա1+»-ը զրուցել է HayrapetyanStyle թիմի ղեկավար, ծրագրավորող Սամվել Հայրապետյանի հետ:
Ադրբեջանում 13-14 տարեկանից սկսած՝ երեխաներին ծրագրավորում են սովորեցնում՝ ապագա հաքերներ պատրաստելու համար, ասում է մեր զրուցակիցը։
Առաջին փորձարկումներն էլ այդ ոլորտում նրանք սկսում են՝ սոցիալական ցանցերում հայ օգատերերի և հայկական տարբեր կայքերի վրա հարձակումներ գործելով։
Միևնույն ժամանակ, Հայաստանում էլ հաքերական խմբավորումներ կան, որոնք չեն բարձրաձայնում իրենց մասին, բայց իրենց գործունեությունը լայնամասշտաբ կերպով ծավալում են։
«Միշտ հայերը ասում են, որ մենք չունենք հաքերական խմբավորումներ, չունենք հաքերներ, կիբերանվտանգությամբ ոչ մեկ չի զբաղվում և այլն։ Դա բացարձակ սուտ է, մենք ունենք շատ հզոր մարդիկ, թե պաշտոնապես աշխատող թիմերում, թե՝ ոչ պաշտոնապես»,-ասում է Սամվել Հայրապետյանը:
Նա 3 տարի է՝ զբաղվում է համացանցային անվտանգությամբ։ Նպատակը հայ հասարակությանը իրազեկելն է համացանցում առկա վտանգների մասին, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց օնլայն տիրույթում։
Ադրբեջանական հաքերային խմբավորումները հերթական անգամ հայ օգտատերերի էջերը կոտրելիս հաճախ տվյալների ամբողջ բազան ուղարկում են Սամվել Հայրապետյանին։
Ասում է՝ պատճառն այն է, որ ինքը հաճախ է մոնիթորինգ անցկացնում և շատ ակտիվ հետևում է ադրբեջանական կայքերին։
«Գիտեմ իրենց խմբերը, գիտեմ՝ որ խմբում քանի հոգի կա, մոտավորապես պարագլուխների անունները գիտեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սամվել Հայրապետյանը՝ ավելացնեով, որ տվյալները իրեն տալով՝ ադրբեջանցի հաքերները գիտեն, որ դրանք հանրայնացվելու են:
Սամվել Հայրապետյանի « SamiSecurity» բլոգն աշխատում է քաղաքացիների իրազեկման ուղղությամբ։ Բլոգի աշխատանքը հաճախակի է դադարեցվում, ասում են՝ ապատեղեկատվություն է տարածում:
«Մենք նշել էինք՝ օգտատերի ֆեյսբուքյան էջեր են տանելու, որը եղել էր: Ի սկզբանե դա որակեցին ապատեղեկատվություն և պանիկա, որ մենք ժողովրդի մեջ ենք տարածում: Վերջերս, չեմ ուզում անուններ թվարկել, բայց ինձ կոնկրետ նամակներ էին գրել, որ եթե ես բլոգի աշխատանքը շարունակեմ և ապատեղեկատվություն տարածեմ, ինձ կարող են բերման ենթարկել, դատի տալ»,- ասում է բլոգի ղեկավարը, ավելացնելով, որ չեն դադարեցնի աշխատանքը, քանի որ ոչ մի անօրինական քայլ չեն կատարում: