Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդդիմությունը տարածաշրջանում

Քաղաքականություն

Տարածաշրջանում եղած ընդդիմությունը պայքարում է կանխակալության եւ փոփոխությունների նկատմամբ եղած անտարբերության դեմ

Չնայած գործադրվող ճնշման վերաբերյալ հնչած մեղադրանքներին՝ Հարավկովկասյան հանրապետությունների իշխանությունների դիրքերին ոչինչ չի սպառնում

Ողջ տարածաշրջանի մակարդակով ընդդիմության առաջնորդները բողոքում են քաղաքական մրցակցության անազնիվ պայմաններից, իսկ փորձագետները նշում են, որ գործող իշխանությունների ամուր դիրքերը խոչընդոտում են երկրների զարգացմանը:

Սակայն կան նաեւ նախանշաններ, որ հետխորհրդային առաջին տասնամյակի խմորումներից հետո հասարակությունն այլեւս հավատ չի ընծայում անընդհատ վեճերի մեջ ներքաշված քաղաքական գործիչներին՝ զրկելով ընդդիմությանն աջակցությունից եւ գաղափարներից:

«Կառավարական շրջանակներում նշում են, որ Ադրբեջանում ընդդիմությունը թույլ է եւ զուրկ է ինչպես հասարակական կշռից, այնպես էլ աջակցության հիմքերից: Սակայն իրականում քաղաքական կուսակցություններն այս երկրում գործողությունների ազատություն չունեն: Իշխանություններին արդյունավետ կերպով ծառայող հեռուստատեսությունը փակ է ընդդիմության համար: Խոսքի կամ հավաքների ազատություն գոյություն չունի», - ասում է Ադրբեջանի ամենահայտնի ընդդիմադիր կուսակցության՝ «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Գամբարը:

Անկախության հաստատումից հետո Ադրբեջանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գամբարը նախապատրաստել է երկիրը առաջին ընտրություններին: 2003-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք քննադատության արժանացան միջազգային դիտորդների կողմից, Գամբարը գործող նախագահի հակառակորդն էր, սակայն ծանր պարտություն կրեց:

Ընտրություններից հետո նրա կողմնակիցներին փողոցներից հեռացնելու համար ոստիկանական ուժեր օգտագործվեցին, սակայն այդ ժամանակվանից ի վեր ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը կարծես չքացել է, քանի որ քաղաքական գործիչները հասկանում են, որ իշխանության հասնելու միակ միջոցը գործող իշխանությունների հետ համագործակցելն է, իսկ գործարարները գիտակցում են, որ իմաստ չունի աջակցել մի գործի, որը դատապարտված է անհանջողության:

Նույնպիսին է իրադրությունը տարածաշրջանի մեծ մասում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը: Նույնիսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, որն ավարտվեց 1994-ին կնքված զինադադարով, Ղարաբաղում հզոր ընդդիմադիր շարժում կար:

2007-ի նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ նախագահի թեկնածու առաջադրվեց ներկայիս նախագահ Բակո Սահակյանը, նրա շուրջ համախմբվեցին եւ նրան սատարեցին խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերը, այդ թվում նրանք, ովքեր խորհրդարան էին մտել որպես ընդդիմադիր ուժ:

«Այստեղ սպանվում է միտքը, շարժումը, բազմազանությունը, մրցակցությունը, ըստ այդմ էլ` զարգացումը», - ասում է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը:

Հարավային Կովկասի երկները՝ Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, տարածքային վեճերի մեջ են ներքաշված եղել դեռեւս Խորհրդային Միության անկման տարիներից: Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ այդպես էլ չի ավարտվել խաղաղ համաձայնագրի ստորագրմամբ:

Վրաստանն, իր հերթին, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնավար շրջանների նկատմամբ վերահսկողության համար պայքար էր մղում ազգային փոքրամասնությունների դեմ. այն կորցրել էր իշխանությունն այս տարածքների վրա դեռեւս վաղ 90-ականներին:

Անցյալ տարի Ռուսաստանի միջամտությամբ վրացական զորքերը դուրս մղվեցին շրջանների տարածքից, որից հետո Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը՝ չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը շարունակում է այս տարածքները Վրաստանի մասը համարել:

Դեկտեմբերին Աբխազիայում անցկացվելիք ընտրությունների ժամանակ մինչեւ այս տարվա սկիզբը փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Ռաուլ Խաջիմբան պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել՝ դառնալով գործող նախագահ Սերգեյ Բագապշի հակառակորդը: Խաջիմբան, տարածաշրջանի մյուս ընդդիմադիրների պես, բողոքում է իշխանություններից՝ հայտարարելով, որ լրատվական դաշտը եւ պետական ռեսուրսները փակ են իր համար:
Սակայն ինչպես տեղացի, այնպես էլ այլ վերլուծաբանները նշում են, որ Խաջիմբային ավելի շատ վնաս է հասցնում սեփական քաղաքական ուղղության բացակայությունը: Աղքատ, անորոշ իրավական կարգավիճակ ունեցող, պատերազմից քայքայված եւ բյուջեի մեծ մասով Ռուսաստանից կախում ունեցող Աբխազիաի բարդ դրությունն իշխանության եկած ցանկացած ուժի արդեն իսկ մանեւրելու սահմանափակ հնարավորություններ է տալիս:

«Բոլոր քաղաքական շարժումները՝ իշխանություններն ու ընդդիմությունը, խոսում են իրավական հիմքերով ժողովրդավարական պետություն կառուցման, հանրային ուղղվածությամբ շուկայական տնտեսության ստեղծման անհրաժեշտության, Աբխազիայի ազգային դիմագծի եւ լեզվի պահպանման կարեւորության, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման մասին», - նշում է Սուխումի Մարդասիրական ծրագրերի հետազոտական կենտրոնի տնօրեն Արդա Ինալ-Իպան:

«Վերլուծաբանները ստիպված են ճիգ գործադրել՝ գլխավոր քաղաքական ուժերի միջեւ եղած հիմնական տարբերությունը գտնելու համար: Հստակ եւ ըմբռնելի տարբերություն կա թիմերի անդամների, դրանց առաջնորդների, ինչպես նաեւ՝ կառուցվածքի միջեւ: Ես դեռ հույս ունեմ, որ ընտրությունների ժամանակ որոշիչ գործոնը ոչ թե բացասական քարոզչությունը կլինի, այլ գաղափարներն ու ծրագրերը»:

Նման դժգություններ հաճախ են հնչում տարածաշրջանում, քանի որ զանազան հակամարտությունները սահմանափակում են իշխանությունների գործողությունները: Սա նշանակում է, որ ընդդիմադիր ուժերը հաճախ ստիպված են հույսը դնել ճարտասանության վրա, իսկ սա իր հերթին կարող է միայն հեգնանք առաջացնել իշխանամետ ուժերի շրջանակներում:

Անցյալ տարի Սերժ Սարգսյանը հաղթեց նախագահական ընտրություններում, որոնք ընդդիմությունը կեղծված անվանեց: Ոստիկանությունը ցրեց բողոքի բազմամարդ ցույցերը, ինչի արդյունքում տասը զոհ եղավ. ընդդիմությունը ստիպված եղավ պայքարել նախաձեռնությանը կրկին տիրելու համար, քանի որ նրա առաջնորդներից շատերը ճաղերի ետեւում հայտնվեցին: Ընդդիմության՝ ժողովրդին ուղղված ճառերն անկեղծությամբ են տոգորված, սակայն զուրկ են հստակությունից:

«Կարծում եմ՝ ազատության եւ ժողովրդավարության վերականգնումը երկրում կարող է բերել հասարակության ժողովրդավարական ներուժի բացահայտմանը, ինչպես նաեւ մենաշնորհների եւ տնտեսության ոլորտում եղած արտոնությունների կրճատմանը եւ յուրաքանչյուր հատվածում ազնիվ մրցակցության աճին: Նման պայմաններում Հայաստանը մանեւրելու ավելի շատ հնարավորություն կստանա, ինչը թույլ կտա նրան ազատ լինել իր որոշումներում եւ կրճատել արտաքին ուժերի վերահսկողությունն իր նկատմամբ, - նշում է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

«Ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ցույցերին հնարավորինս քիչ մարդ մասնակցի: Սա երկար չի կարող շարունակվել, քանի որ պարզ երեւում է, որ այդ ռեժիմը հույսը դնում է զենքի ուժի վրա»:

Ընդդիմության ցույցերը, սակայն, ոչ մի արդյունք չեն տվել, իսկ նրա աջակիցները հիասթափվել եւ հեռացել են: Այդ պատճառով, իշխանամետ ուժերը հեշտությամբ ծաղրում են իրենց հակառակորդներին:

«Հանրահավաքներում նույն կրկնվող խոսքերն են ազգի եւ պետության վառ ապագայի մասի։ Ասում են, որ եթե իշխանությունը իրենք լինեն, ամեն ինչ լավ կլինի։ Բայց մարդիկ չեն հավատում հանրահաքներին ու երթերին»,- խորը հեգնանքով ասում է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Իշանություններն էլ ուշադրություն չեն դարձնում երթերին եւ միտինգներին։ Դրանք անընդհատ կրկնվող, անհետաքրքիր ու անարդյունավետ ակցիաներ են եւ պետք էլ չէ, որ իշխանությունների կողմից հսկվեն»,- ասում է նա։

Եւ միայն Վրաստանում է, որ ընդդիմադիր շարժումները պահպանել են իրենց հետխորհրդային կենսունակությունը: Այս տարվա սկզբին ընդդիմության ակտիվիստները կաթվածահար էին արել Թբիլիսին, փակել մայրաքաղաքի գլխավոր փողոցը՝ այնտեղ բանտախցեր հիշեցնող վրաններ տեղադրելով:

Վրաստանի ընդդիմության առաջնորդները, ովքեր նույնպես բողոքում են իրենց դեմ պետական ռեսուրսներն օգտագործելու եւ լրատվական դաշտը փակելու մեջ, ցույցերի ժամանակ համառորեն պահանջում էին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը՝ մերժելով կառավարության հետ համաձայնության գալու առաջարկները:

Սակայն սա կարծես թե սխալ ուղի էր, քանի որ ակտիվիստները վերջին հաշվով ոչնչի չհասան, ինչը ստիպեց «Դաշինք հանուն Վրաստանի» ընդդիմադիր շարժմանը վերանայել իր ռազմավարությունը:

«Մի քանի ամիս տեւած ցույցերը ոչ մի արդյունո չտվեցին: Չեմ կարծում, որ իշխանությունները հաղթել են: Հարցը դա չէ: Մենք աշունը դիմավորում ենք ճիշտ այնպիսի ուժերով, ինչպես գարնանը», - համոզված է Հանրապետական կուսակցության նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին, ով հանդիսանում է նաեւ «Դաշինք հանուն Վրաստանի» ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը:

Սակայն Ուսուպաշվիլին նաեւ հաստատում է, որ ընդդիմության առաջնորդները պատրաստ են ներկայում իշխանությունների հետ երկխոսության գնալ եւ արդյունքների հասնելու համար հույսը չեն դնի միայն հասարակական ճնշման վրա:

«Այս պահին մեծ սխալ կլիներ միայն փողոցային ցույցերով սահմանափակվելը: Մենք բոլոր հնարավոր մեթոդներով մարտահրավեր կնետենք իշխանություններին՝ երկխոսությամբ, բանակցություններով, ճարտասանությամբ, քաղաքական նախաձեռնություններով, եւ իհարկե, ցույցերով», - ասում է Ուսուպաշվիլին:

Տարածաշրջանի վերլուծաբանները, սակայն, նշում են, որ լավ կլիներ, եթե ընդդիմությունը նախ պարզեր ընտրողների ցանկությունները քաղաքական առումով, եւ ոչ թե կենտրոնանան բազմամարդ, աղմկահարույց, բայց եւ հիմնականում անարդյունավետ բողոքի ակցիաներով:

«Հավատացնում եմ, որ մարդկանց այնքան էլ չի հետաքրքրում Սահակաշվիլու լավ կամ վատ լինելը: Նրանց խնդիրները շատ ավելի պրագմատիկ են, օրինակ՝ բենզինի գինը կամ խաղողի բերքի հետ կապված խնդիրները: Ընդդիմությունը պետք է հենց այս ուղղությամբ աշխատի: Նրանց քայլերը ոչ մի արդյունք չեն տալիս», - համոզված է քաղաքագետ Անդրո Բարնովը:

Հեղինակներ՝

Թեա Տոպուրիան ազատ լրագրող է Թբիլիսիում: Անահիտ Գոգորյանը Աբխազիայում լույս տեսնող «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակիցն է եւ IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ: Գեղամ Վարդանյանը Internews-ի լրագրող է Երեւանում: Անահիտ Դանիելյանը Hetq-ի թղթակիցն է Ստեփանակերտում եւ «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ: Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի թղթակիցն է Ադրբեջանում: Շահին Ռզաեւը IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի տնօրենն է: Ռիտա Կարապետյանը ազատ լրագրող է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: (www.iwpr.net)