Դատարանն ուղղակի պարտավոր է տալ իր գնահատականը. փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանը Մանվել Գրիգորյանի դատական նիստը ցուցադրական արեց, կարծում է Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ իրենք մի քանի անգամ միջնորդեցին, որ նիստն ընթանա դռնփակ, քանի որ բարձրաձայնելու էին անձի հիվանդության հետ կապված որոշակի փաստեր։
Փաստաբանի կարծիքով՝ դատարանը իր որոշման մեջ անդրադարձ չի կատարել ներկայացված հիվանդության ապացույցներին և ներկայացրել է միայն ամիսներ առաջ միջգերատեսչականն հանձնաժողովի եզրակացությունները;
«Այս դեպքում, երբ տեղացի բժիշկները բարձրաձայնում են և ասում են, որ հիվանդությունների բացասական դինամիկա է արձանագրվել, դատարանը իր որոշման մեջ չի ներկայացրել։ Մենք մեկ անգամ ևս նույն հիմքերով ներկայացնելու ենք դատարան, և դատարանն ուղղակի պարտավոր է տալ իր գնահատականը՝ այդ ապացույցները բավարար են, թե բավարար չեն»:
Պաշտպանը նաև նշում է, որ Մանվել Գրիգորյանի գործը այն բացառիկ գործերից է, որին ՄԻԵԴ-ը երկու անգամ արձագանքել է, սակայն այս ամենից ոչ մի հետևություն չի արվում:
Նրա կարծիքով՝ Հայաստանում դատական իշխանությունը գլխիվայր իջնում է ներքև, և անհապաղ պետք է կատարել «վիրահատական միջամտություններ»:
Փաստաբանը, անդրադառնալով Մարտի 1-ի գործին, նշեց.
«Ասվում է՝ ամեն ինչ արվելու է, որ օբյեկտիվ դատաքննություն իրականացվի։ Մեկը չի ասում՝ այդ քննիչը այդքան կար, որ անօրինականություն էր կատարում, և ոչ մեկ հարց չի տալիս՝ բա նախաքննությունը սահմանող մարմինը ո՞վ էր, դատախազությո՞ւնն էր, և վարույթ ունե՞նք այն անձանց կամ համակարգի նկատմամբ, ում տիրույթում որ եղել են այդ անօրինականությունները»։