Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Գերմանացի իրավաբանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին

«ՀՀ Սահմանադրություն. Կանաչ և կարմիր գծեր» խորագրի ներքո տեղի է ունենում խորհրդաժողով։ 

Ժողովի առաջին մասի բանախոսներն են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Այվազյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, իրավագիտության պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը։ Քննարկումը վարում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ 

Ներկաների թվում են ՀՅԴ գործիչ Արծվիկ Մինասյանը, քաղաքագետ Արմեն Մինասյանը և այլք։ 

ԵՊՀ Սահմադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն իր ելույթում նշեց, որ Սահմանադրական դատարանի մեկնաբանության իրավունքը ՀՀ-ում տրված է Սահմանադրական դատարանին։

«Սահմադրական մեկնաբանության համար պետք է լինի տրամաբանական հարթություն»,- շեշտեց Այվազյանը։

Օթթո Լուխթերհանդթն անդրադարձավ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ ՍԴ նոր դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվելուց հետո իր ելույթում նշել էր, որ ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը։ 

Գերմանացի իրավաբանն, անդրադառնալով ՍԴ «անդամ» և «դատավոր» բառերի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց, որ Սահմանադրությանը մեկնաբանելիս պետք է ընկալել որպես ընդհանուր փաստաթուղթ։ «Սահմանադրական միասնականությունը պարտադիր է մեկանաբանելիս»,- շեշտեց նա։

Գերմանացի պրոֆեսորն ասաց, որ չի կարելի ասել, օրինակ, 2005-ի կամ 2015-ի Սահմանադրություն, այլ 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված 2005 կամ 2015 թվականների փոփոխություններով Սահմանադրություն։ 

Խոսելով ՍԴ անդամներին վերաբերող 213-րդ անցումային դրույթի մասին՝ Լուխթերհանդթն ընդգծեց, որ այն չի կարելի ընդհանուր մայր օրենքից առանձնացված մեկնաբանել։ 

Պրոֆեսորն առանձնացրեց Սահմանադրության մեկնաբանման մեթոդները՝ բառացի, պատմական, համակարգային, նպատակաբանական կամ թելեոլոգիական, համեմատական։ 

Բառացի մեկնաբանությամբ, ըստ նրա, ՍԴ անդամները դառնում են դատավորներ և «անդամ»-ի փոխարեն օգտագործվում է «դատավոր» անունը։ Նա հավելեց, որ սրանով փոխվում է միայն պաշտոնների անունները և ոչ թե լիազորությունները, որոնք կարգավորված են Սահմանադրության 7-րդ գլխում, որից և բխում է, որ «անդամներ»-ն ունեն նույն լեգիտիմությունը, ինչը որ «դատավորները»։

Նա նշեց, որ նույն կերպ է նաև համակարգային և նպատակաբանական մեկնաբանման դեպքում և «անդամի» ու «դատավորի» միջև հետագա տարբերակումները հակասահմանադրական են։ 

Արդարադատության նախկին նախարար, «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը հրաժարվեց անդրադառնալ «անդամ» և «դատավոր» բառերի մեկնաբանությանը՝ նշելով, որ հարցի բարձրացումը  արհեստածին է, և որ Օթթո Լուխթերհանդթը լիովին պարզաբանեց։

Անդրադառնալով Սահմանադրական իրավունքի ամերիկյան դպրոցին՝ նա ասաց, որ ամերիկյան Սահմանադրության կիրառումը շեշտադրված է եղել էթնոսի վրա, այսինքն` Սահմանադրության կիրառման հիմքում դրված է եղել նոր ազգի ձևավորումը։ 

Սահմանադրության մեկնաբանության պատմական մեթոդին անդրադառնալով՝ նա ասաց, որ այս դեպքում հաշվի է առնվում օրենսդիրի կամքը։ 

Համակարգային մեթոդի համաձայն, ըստ Հարությունյանի, դրույթների մեկնաբանությունը պետք է լինի միասնական և ոչ առանձնացված։ 

 

Սահմանադրության թելեոլոգիական մեկնաբանությունը, նրա խոսքով, նրա համար է, թե տվյալ դրույթը ինչ նպատակի համար է կիրառվում։