Նախկին դատավորի գործով հարցաքննվեց առանցքային վկան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը:
Այսօրվա նիստում հարցաքննվեց գործով առանցքային վկա Բենիկ Հարությունյանը: Վերջինս դատարանի այն հարցին, թե ամբաստանյալներից որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ ո՞ւնի, պատասխանեց, որ չունի, ինչից հետո Գագիկ Հեբոյանն արձագանքեց. «Ստում է»:
Բենիկ Հարությունյանը դատարանում պատմեց, որ ինքը քաղաքացիական գործով հայցվոր է եղել եւ մտավախություն է ունեցել, որ դատավոր Գագիկ Հեբոյանը հայցը կմերժի: «Բայց քանի որ հայցում կար նաեւ երկրորդ մասը, որ ես ներկայացրել էի 175 միլիոն դրամի բռնագանձման խնդրանքով, ես պետք է մուծեի 2,5 միլիոնի չափի պետական տուրք: Նիստի ընդմիջման ժամանակ մոտեցա պարոն Հեբոյանին, ասացի՝ հասկանալի է, որ իմ հայցը պետք է մերժվի, Դուք գիտեք, որ ես 2011 թվականից չեմ աշխատում, ունեմ ֆինանսական եւ առողջական խնդիրներ, եթե հնարավորություն կա օրենքի շրջանակներում, խնդրում եմ, պետական տուրքից ինձ ազատեք: Պարոն Հեբոյանը ասաց՝ հեսա նայեմ «Պետական տուրքի մասին» օրենքը, եւ տեսնենք՝ ինչ հնարավորություն կա։ Նայեց օրենքը, ասաց՝ միջնորդություն պատրաստի, որ հենց դատը սկսվի, ներկայացնես: Հետո ես այդ միջնորդությունը ներկայացրեցի դատարան, պարոն Հեբոյանը իրավունք չուներ դատաքննության փուլում նոր միջնորդություններ ընդուներ, բայց այդ միջնորդությունը ընդունեց: Ես մտածեցի, որ եթե պետական տուրքից ինձ ազատի, թող իմ ներկայացված հայցը չբավարարի: Ընդմիջման ժամանակ մոտեցավ պարոն Հեբոյանը, ասաց՝ գիտեմ, որ առողջական խնդիրներ ունես, հնարավորություն կա՞ ներկայացնես այդ փաստաթղթերը, ասացի՝ իհարկե: Մարտի 6-ին գնացի դատարան, պարոն Հեբոյանին հանդիպեցի, ասացի՝ բերել եմ բոլոր փաստաթղթերը, Ձեզ տա՞մ, թե՞ ներկայացնեմ գրասենյակ: Ինքը ասաց, որ ներկայացնեմ գրասենյակ, իսկ մնացածի համար ասաց՝ հասկանա՞լի է, թե ինչ պիտի անես: Ասացի՝ չէ, հասկանալի չի, ասաց՝ դե պետական տուրքը դառնում է 3,5 միլիոն դրամ, գոնե դրա կեսը՝ 3500 ԱՄՆ դոլար պետք է ինձ փող տաս: Պարոն Հեբոյանին ասացի՝ Դուք գիտեք, որ ես 2012 թվականից չեմ աշխատում, գիտեք, որ իմ ամբողջ գույքի, դրամական միջոցների վրա կալանք է դրված, նման հնարավորություն չունեմ, սուտ կլինի, որ խոստանամ, հետո չկատարեմ: Դե լավ՝ ասաց, ուրեմն պայմանավորվենք մինչեւ ամիսի 18-ը (վճռի հրապարակման օրը) աշխատի գոնե գումարի հարցը լուծես: Ես չխոստացա պարոն Հեբոյանին ոչինչ: Մարտի 18-ին եկել եմ դատարան, որպեսզի լսեմ դատավճիռը, սակայն Հեբոյանը իջավ ներքեւ, ասաց՝ չեմ հասցրել հրապարակել, ապա հարցրեց՝ բա էն հարցը ի՞նչ եղավ, ասացի՝ գումար չեմ կարող վճարել: Ասաց՝ դե լավ, էդ դեպքում եթե գումարը հիմա չես բերել, իմ հետ էլ առնչություն չունենաս, կբերես փաստաբանական գրասենյակ, կտաս Վահագին։ Ես հասկացա, որ եթե գումարի հարցը չլուծեմ, ապա իմ մյուս գործերով եւս խնդիրներ կունենամ»,- ասաց վկան։
Այնուհետեւ նա նշեց, որ հասկանալով, որ այդ գումարը չի կարող վճարել՝ մարտի 20-ին, այլընտրանք չունենալով, գնացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ տեղյակ պահել, որ հայտնվել է անելանելի վիճակում եւ մարտի 26-ին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է դատարան, որտեղ մի երիտասարդ իրեն ասել է՝ գնա փաստաբանական գրասենյակ, իրեն այնտեղ սպասում են. «Գնացի Վահագի գրասենյակ, մի կին կար, ասաց՝ ի՞նչ հարցով եք, ասացի՝ Հեբոյանն ինձ լավություն է արել՝ պետական տուրքից ազատել է, պետք է գումար փոխանցեմ, հարցրեց՝ ի՞նչ գումար, ասացի՝ կաշառք է»,- ասաց Հարությունյանը։ Հետո վկան ասաց, որ այդ կինը հարցրել է, թե ո՞ր քաղաքացիական գործն է, բացել, նայել է, ասել, որ պետական տուրքի հետ կապված խնդիր ունի։ «Կինն ասաց՝ Վահագնը հաջորդ օրը կգա։ Հունիսի 27–ին հանդիպեցի Վահագին՝ ասաց՝ մեքենայի դուռը բաց է՝ տար, գումարը գցիր մեքենայի մեջ, ես էլ տարա՝ գցեցի մեջը»,- պատմեց վկան։
Մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի հրապարակվի վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ դրանում կան էական հակասություններ։
Մեղադրող կողմը թեեւ առարկեց, սակայն դատավորը բավարարեց միջնորդությունը։ Նիստը հետաձգվեց, վկայի նախաքննական ցուցմունքը կհրապարակվի հուլիսի 10-ին՝ դատական հաջորդ նիստին։