«Մարտական գործողություն» եւ «մարտական հերթապահություն» եզրույթները տարանջատվել են. ՊՆ-ն՝ քառօրյա պատերազմի մասնակցի հորը. Aravot.am
Աջակցիր «Ա1+»-ինՕրերս Aravot.am-ն անդրադարձել էր պաշտպանության նախարարության շենքի մոտ օրերով հացադուլ անող Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Երեմ Գալոյանի խնդրին:
Aravot.am-ի հետ զրույցում Գալոյանը պատմել էր, որ որդին՝ Գեւորգ Գալոյանը 2016 թվականին մասնակցել է քառօրյա պատերազմին՝ առաջնագծում: Սակայն որդու զինգրքույկում ՊՆ-ն հրաժարվում է համապատասխան գրառումն անել՝ առանց որեւէ հիմնավորումների:
Գալոյանը ներկայացրել էր համապատասխան փաստաթուղթ, որտեղ նշված է, որ որդին 2016-ի քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահության է եղել: Գալոյանը պնդել էր, որ մի քանի ամիս է՝ դիմել է ՊՆ-ին, որ որդու՝ Գեւորգ Գալոյանի զինգրքույկում համապատասխան գրառումը կատարվի, սակայն խնդիրն այդպես էլ չէր լուծվում: Գալոյանի պատմելով՝ որդին զինծառայության ընթացքում առողջական խնդիրներ է ձեռք բերել, ուստի զինգրքույկում այդ գրառումն ունենալու պարագայում, հույս ուներ, որ բուժսպասարկման համար որոշակի արտոնություններ կստանան:
Aravot.am-ն այս խնդրի պարզաբանման համար գրավոր դիմել էր ՊՆ: Այսօր նախարարությունը ի պատասխան մեր հարցման, պարզաբանել է, որ Գալոյանի դիմումն ուսումնասիրվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատում եւ Գեւորգ Գալոյանի զինգրքույկում 2016 թվականի ապրիլի 2-6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցության վերաբերյալ գրառում կատարելու հարցով Երեմ Գալոյանի դիմումներին ընթացք է տրվել, կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ.
«Ուսումնասիրության արդյունքում Գ. Գալոյանի զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցության վերաբերյալ գրառում կատարելու օրենքով սահմանված հիմքեր վեր չեն հանվել։ «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ 2016 թվականի նոյեմբերի 4-ի «2016թ. ապրիլի 2-6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցած ժամկետային պարտադիր զինծառայողների զինգրքույկներում գրառումներ կատարելու մասին» N/ 92/ԳՇ կարգադրությունով ժամկետային պարտադիր զինծառայողների զինգրքույկներում մարտերին մասնակցելու վերաբերյալ գրառում կատարվում է միայն 2016 թվականի ապրիլի 2-6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցելու պարագայում։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ 2017 թվականի փետրվարի 6-ի 74/ԳՇ հրամանի համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ը մարտական գործողություններին մասնակցած ժամկետային պարտադիր զինծառայողների զինգրքույկներում մարտերին մասնակցելու վերաբերյալ գրառումներն իրականացվում են 19916 զորամասի հրամանատարության կողմից հաստատված ապրիլյան մարտերի մասնակիցների անվանացուցակների հիման վրա, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 16-Ա հրամանի 7-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ զինծառայողի զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառում կատարվում է տվյալ զինծառայողի կողմից տեղի ունեցած մարտերին անմիջականորեն մասնակցած լինելու դեպքում»,-գրված է ՊՆ-ի պատասխանում։
Աղբյուր՝ Aravot.am