Հայ բժիշկների 5-րդ համագումարին սփյուռքից մոտ 300 մասնակից կլինի
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան-Սփյուռք-Արցախ միաձուլում՝ ի փառս առողջության» կարգախոսն է այս տարվա Հայ բժիշկների 5-րդ համագումարի։ Համագումարին բժշկական ոլորտի մասնագետների մասնակցության թիվը աննախադեպ է։ Այսօր, համագումարի մանրամասները ներկայացնելիս, հայտարարեց Հայ բժիշկների 5-րդ համագումարի նախագահ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը։
«Սփյուռքից բժշկական ոլորտի մոտ 300 մասնակից է լինելու, Հայաստանից՝ 300-350 մասնակիցներ։ Համագումարի շրջանակներում լինելու են 13 պլենար դասախոսություններ։ Համագումարին մասնակցելու է ՌԴ բժշկական ակադեմիայի հայազգի յոթ անդամ ։ Այսպիսի համագումարներ տեղի են ունենում չորս տարին մեկ անգամ Հայաստանում եւ չորս տարին մեկ անգամ՝ արտասահմանում»-հայտնեց Արմեն Չարչյանը։
Համագումարը երեք նպատակ ունի, ասում է պարոն Չարչյանը։ Առաջինը՝ ծանոթանալ աշխարհում տեղի ունեցած գիտության, տեխնիկայի, բժշկագիտության եւ կազմակերպչական ոլորտների նորություններին։
«Երկրորդը՝ ճանապարհներ փնտրենք, որպեսզի ՀՀ-ում կարողանանք ներդնել առողջապահական ոլորտում նորամուծությունները։ Եւ երրորդ նպատակն է ստեղծել միջմասնագիտական եւ եւ միջանձնային կապեր»։
Ասուլիսի մասնակիցները կարեւորեցին,որ համագումարը կայանալու է մարզերում եւ Արցախում։
Հայկական միջազգային բժշկական կոնգրեսի նախագահ Վիգեն Սեպիլյանը ընգծեց այն խնդիրները, որոնց մասին խոսվելու է համաժողովի ընթացքում։
«Հայաստանում ամենալուրջ հիվանդություններն են սրտի հիվանդությունները, ուղեղի կաթվածով հիվանդների թիվը Հայաստանում ամենաբարձրն է, քաղցկեղը։ Պետք է շուտ հայտնաբերել այդ հիվանդությունը, բուժել, ինչպես նաեւ գիտենք, որ Հայաստանում լուրջ տարաձայնություններ կան՝ պատվաստումների հետ կապված»,-ասաց պարոն Սեպիլյանը։
Արմեն Չարչյանը վերջում ընդգծեց համագումարի մի քանի առանձնահատկությունները։
«Այս տարի համագումարը օնլայն է հեռարձակվելու, եւ բոլոր այն բժիշկները, որոնք չեն գրանցվել եւ ցանկություն ունեն մասնակցել, լսել, տեսնել, գիտելիք ձեռք բերել, ծանոթանալ վերջին նորություններին, մուտքը բոլորի համար ազատ է լինելու»։