Բացել լրահոսը Փակել լրահոսը
65584112_864343583920308_6918732997168463872_n
A A
Հասարակություն

Շարունակվում է Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նորք նստավայրում շարունակվեց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին տուժողները չէին ներկայացել, սակայն կողմերը չառարկեցին, որպեսզի նիստն ընթանա նրանց բացակայությամբ։ Այս պահին դատարանում հրապարակվում են գործում առկա փորձագիտական եզրակացությունները։

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Ըստ մեղադրանքի` «Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով բազմաթիվ անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս»։

Գործով տուժողներից է նաեւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։