Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-rwehEU4G6K
A A
Հասարակություն

Նախկին ցմահ դատապարտյալի բողոքի գործով դատարան կհրավիրվի նախկին ՀԿԳ քննիչը (տեսանյութ)

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորքի նստավայրում տեղի ունեցավ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների պատճառով վեց ամիս առաջ ազատության մեջ հայտնված ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանի բողոքի քննությունը: Ներկայացնելով բողոքը` Վահագն Մարուքյանն ասաց, որ այն վերաբերվում է նախկին ՀԿԳ ավագ քննիչ Անդրանիկ Միրզոյանին:

«1993 թվականի սեպտեմբերի 27-ին ինձ բերման են ենթարկել՝ որպես սպանության փորձի կասկածյալ: Անդրանիկ Միրզոյանն այցելել է Վանաձորի ոստիկանության բաժանմունք, սպանությունը վիզ չառնելու համար նա հրահանգ է տալիս՝ վիզ չի առնում, հանեք խփեք։ Ինձ ստիպողաբար հանում են բաժանմունքից դուրս, աստիճանների վրայից հրում են, ես բնականաբար պիտի վազեի, որ չընկնեմ, իմ հետևից ատրճանակով խփում են, վիրավորում, ու Անդրանիկ Միրզոյանը 1993 թվականի դեկտեմբերի 23-ին որոշում է կայացրել, որ իբրև ես փախուստի փորձ եմ արել, ու այդ նպատակով ինձ կրակել, վնասազերծել են: Ես տեղեկացնեմ, որ ես այս որոշման մասին իմացել եմ 2018 թվականին՝ դատախազությունից: Ես ազատության մեջ լինելուց հետո եմ իմացել, որ նման որոշում է կազմվել, և որոշումն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Վահագն Մարուքյանը:  

Նա նշեց, որ իր բողոքի պահանջն այն է, որ Միրզոյանի կայացրած որոշումը չեղյալ համարեն, քանի որ ինքն  ունի փաստացի ապացույցներ, որ այդ որոշումը շինծու է, որ քանի որ իր դատավճռում չկա ոչինչ ո՛չ իր փախուստի փորձի, ո՛չ իրեն կրակելու մասին: Վերջինս պահանջում է, որ իր բողոքի հիման վրա՝ ՀՔԾ-ն գործը վարույթ ընդունի, և իր գործը հետ ուղարկի՝ նոր քննության:

Այս առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց նաև նիստի մասնակից դատախազ Արա Մնացականյանը: Վերջինս ասաց, որ ներկայացված բողոքը հիմնավոր չէ, և ենթակա է մերժման: Նա իր հիմնավորումները ներկայացնելը սկսեց Վահագն Մարուքյանի գործի նախապատմությունից:

Վահագն Մարուքյանը, լսելով դատախազի հիմնավորումները, ասաց, որ վերջինս հիմք  է ընդունել միայն Անդրանիկ Միրզոյանի որոշումը, մինչդեռ նա հարց է  հնչեցնում, թե ինչու հիմք չի հանդիսանում, թե ինքն ինչպես դիմեց փախուստի կամ ինչպես վնասվածք ստացավ:

Քանի որ բողոքը վերաբերում է ՀԿԳ նախկին քննիչ Անդրանիկ Միրզոյանին, ապա դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական  նիստին դատարանում ապահովել Անդրանիկ Միրզոյանի ներկայությունը: Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 17-ին, ժամը 16.30-ին: