Մարդիկ դրամական օգնություն ուզում են, իսկ աշխատել՝ ոչ. մարզպետ
Աջակցիր «Ա1+»-ինԱրագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը նոր տրամաբանությամբ պետք է բարելավվի, այս մասին ասում է մարզպետ Դավիթ Գևորգյանը։
Մարզպետը նշում է, որ չնայած մարզում առկա բնակլիմայական պայմանների տարբերությանը, իրենք հնարավորինս համաչափ զարգացման ուղիներ են փորձում գտնել։
Մարզում աղքատության ցուցանիշը բավականին ցածր է, սակայն խնդիրներ շատ կան։
Մարզպետն առանձնացնում է գյուղատնտեսության խելացի կառավարման խնդիրը, ասում է, որ մարզային հողերի բազա չկա, ինչն էլ դժվարացնում է դրանց կառավարման ընթացքը։
Մարզպետի խոսքով՝ հողերի բազայի բացակայության պատճառով բազմաթիվ կեղծարարություններ են լինում համայնքներում։
«Համայնքի ղեկավարը կամ ընտանիքի անդամները հողը ապօրինի ձևով մշակում են և հարկ չեն մուծում, բայց մենք, օրենքը հարգելով, կանխելու ենք նման դեպքերը»,- ասում է մարզպետը՝ հավելելով, որ ինքն էլ չի հավատում թղթերում գրված թվերին, որոնցում ներկայացված են գյուղատնտեսական նշանակության հողերը։
Հողային տարածքների կեղծարարությունները պատճառ են դառնում մարզում ներդրումների թվի պակասին։ Ներդրողների հարցերին, թե որտե՞ղ կան ազատ հողեր՝ ներդրումներ կատարելու, գործարաններ հիմնելու համար, համայնքապետերը պատասխանում են, որ իրենց համայնքում չկա։
«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ դեռ իմ պաշտոնավարման ընթացքում չի եղել մի գործարար, որ կգա, կասի՝ ես հող եմ ուզում, էդ լուրը ինձ հասնի, ու իրա համար հող չգտնենք մենք»,- շեշտում է մարզպետը։
Մեկ այլ մտավախություն էլ, Դավիթ Գևորգյանի խոսքով, այն է, որ ներդրողները կարող են աշխատակիցների խնդիր ունենալ.
«Ցավոք սրտի, մեր բնակչության մեծ մասը, շարունակ պետական քաղաքականության արդյունքում, սովորել է չաշխատել, ալարկոտ են դարձել»,-ասում է մարզպետը։
Պատմում է, որ ամեն ուրբաթ մարզպետարանում բնակիչների ընդունելություն է կազմակերպում։ Մարդիկ գալիս և դրամական օգնություն են ուզում, բայց աշխատանքից հրաժարվում են։
Մարզպետը չի հերքում, որ շատ տեղերում աշխատանքային պայմանները բավարար չեն, և շարունակում են խախտել աշխատողների իրավունքները, բայց մարզում կան տնտեսվարողներ, ովքեր աշխատողների կարիք ունեն։ Տնտեսվարողները փնտրում են այգիներում 5-8 հազար դրամ օրավարձով աշխատողներ, բայց չեն կարողանում գտնել։
Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում: