Դատախազությունը բացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին տեղեկություն չի հասել, որ 2008 թ. Գլխավոր դատախազությունում գործել է գաղտնի շտաբ, ինչի մասին օրեր առաջ հայտարարել էր Մարտի 1-ի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։
«Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ժամանակը կհերիքի՞, որ միասին հիմա շրջենք դատախազության շենքով, տեսնենք՝ այստեղ ի՞նչ գաղտնիության պայմանների մասին է խոսքը։ Շենքը չի փոխվել, գաղտնի ասելով՝ հավանաբար նկատի ունեք, որ չեն իմացել, ոչ թե ինչ-որ հատուկ շենքային պայմաններով։ Ինձ այդպիսի տեղեկություններ դեռևս հայտնի չի, որ պահին ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի դառնան, նրանք, ովքեր այդ շտաբի կազմում դրսևորել են հանցավոր վարքագիծ, կհամալրեն ձեզ հայտնիների շարքը»,- ասաց գլխավոր դատախազը։
Արթուր Դավթյանը հստակ չպատասխանեց, թե Մարտի 1-ին Արցախի պաշտպանական բանակից զինծառայողներ բերվե՞լ են Երևան, թե՞ չէ։
«Ես առաջարկում եմ սպասել հրապարակային դատաքննության ընթացքին, դուք կտեսնեք, թե որտեղից ինչ զորամիավորումներ են բերվել, ու որ զորամիավորումներն ինչ դերակատարություն են ունեցել։ Մեզ համար էական նշանակություն ունեցողը այդ մեղադրանքում հետևյալն է՝ բանակը ներգրավվել է, հիմա բանակ ասածն ամենալայն իմաստով ենք մենք հասկանում՝ առանց կոնկրետ տեղակայման կամ առանց կոնկրետ նշանակության»:
Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի վճռով՝ հունիսի 25-ին 3-րդ անգամ կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանը նաև բեկանեց և որոշեց Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ գործը ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։ Մինչդեռ Սահմանադրական դատարանը հունիսի 21-ին վարույթ էր ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումները։
Հարցին, թե դատախազությունը հնարավո՞ր է բացարկի միջնորդություն ներկայացնի Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, գլխավոր դատախազն ասաց.
«Մենք գրավոր բացարկի միջնորդություն ենք ուղարկել, դեռ որոշումները ստանալու փուլում։ Դատավարական ընթացակարգով դրանք առաջին նիստի ժամանակ պետք է քննության առարկա դառնան։ Պնդելու ենք մեր դիրքորոշումը»։
Ռոբերտ Քոչարյանի՝ «ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն» արտահայտությունն Արթուր Դավթյանը այսպես մեկնաբանեց.
«Շատ քիչ եմ հանդիպել դատավարական կարգավիճակ ունեցող այնպիսի անձանց, ովքեր ասում են՝ կեցցե՛ արդար դատարանը»:
Դատախազության 101-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ Արթուր Դավթյանը նշել էր, որ դատախազության նկատմամբ տեղեկատվական առումով ճնշումներ են գործադրվում։ Ըստ նրա՝ դրանք ուղղորդվող տեղեկատվական հոսքեր են։
«Վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել, ամենատարբեր արտահայտություններ անել։ Սրանք բոլորը փորձեր են, որ որևէ մեկն իր պաշտոնեական պարտականությունները ռիսկով չկատարի, բայց ես ուզում եմ, որ բոլորը իմանան, որ ճիշտ է՝ վախն էլ մարդկային զգացում է, բայց դատախազները չունեն էդպիսի բան», – ընդգծեց գլխավոր դատախազը։