ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջարկում է Հայաստանում կես տարվա արձակուրդ տալ նորաթուխ հայրիկներին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության նախարարությունը համատեղ հայտարարեցին ծնողների համար նոր կայքի՝ www.babycef.am -ի մեկնարկը: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի 25-ամյակի և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակի առթիվ ստեղծված այս հարթակի նպատակն է երեխայի խնամքի, սնուցման, առողջ զարգացման ու դաստիարակության վերաբերյալ հայերեն վստահելի տեղեկատվությունը մատչելի ու հասանելի դարձնել յուրաքանչյուր ծնողի համար:
Հայաստանում երեխաների միայն 45 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում մինչև 6 ամսականը: Իսկ արդեն մեկ տարեկան երեխաների միայն 36 տոկոսն է կրծքով կերակրվում: Մինչ երկու տարեկան երեխաների միայն 25 տոկոսի սննդակարգն է համապատասխանում միջազգային ընդունված ստանդարտներին: Արդյունքում մինչև 5 տարեկան երեխաների 9 տոկոսը թերաճ է, իսկ 14 տոկոսը՝ ավելորդ քաշ ունի: Մյուս կողմից՝ Հայաստանում տարածված են դաստիարակության բռնի մեթոդները. ըստ վիճակագրության՝ երեխաների 65 տոկոսը որևէ տեսակի հոգեբանական բռնության է ենթարկվել, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական բռնության որևէ տեսակի:
«Մենք գիտենք, որ ծնող լինելն աշխարհում ամենաբարդ գործն է: Ու այս բարդ գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեր կողքին է, իսկ Բեյբիսեֆ-ը՝ մեր անմիջական շփումն ապահովող հարթակը,-դիմելով ծնողներին՝ ասաց Հայաստանում Յունիսեֆ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Նա իր ելույթն ավարտեց հայտնիներից մեկի խոսքով,- «եթե դու կարող ես փոխել պատմության սկիզբը, ապա դու կարող ես փոխել ողջ պատմությունը: Մենք միասին պետք է կարողանանք սպիտակ թղթի վրա լավագույնս գրել յուրաքանչյուր երեխայի պատմության սկիզբը»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարությանը ու մասնավոր հատվածին նույնպես աջակցել ծնողներին իրենց երեխաների կյանքի լավագույն սկիզբն ապահովելու համար: Մասնավորապես կոչ է անում.
Նվազագույնը 6 ամիս երեխայի խնամքի վճարվող արձակուրդ տրամադրել թե՛ հայրիկներին, թե՛ մայրիկներին:
Աշխատանքի վերադարձող կանանց համար կրծքով կերակրելու պայմաններ ու վճարվող ընդմիջումներ տրամադրել:
Երեխաների խնամքի համար հասանելի, մատչելի և որակյալ ծառայություններ ապահովել:
Երեխաներ ունեցող բոլոր ընտանիքներին աջակցել երեխաների նպաստներով: