Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տեսախցիկի տեղադրումը սադրիչ գործողություն է. Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը

Սամվել Բաբայանի գրասենյակը նախաձեռնող խումբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու նպատակով Արցախում մեկնարկած ստորագրահավաքի նախաձեռնող խումբը տեղեկացվել է այն մասին, որ ս.թ. հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ստեփանակերտ քաղաքում՝ Վազգեն Սարգսյան 25 հասցեում գտնվող շենքի միջանցքում,որը գտնվում է ստորագրահավաքի վայրի հսկողության տակ, Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հրահանգով տեղադրվել է տեսախցիկ տեսագրման սարքով:

Նախաձեռնող խումբն իր մտահոգությունն է հայտնում և միաժամանակ դիտում է այս ամենը քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուն ուղղված  գործողություն: Տեսախցիկի տեղադրումը սադրիչ գործողություն է  և հանգեցնելու է կոնֆլիկտային իրավիճակի:

Հունիսի 4-ից՝  ստորագրահավաքի մեկնարկից սկսած, Ստեփանակերտի քաղաքապետը մերթընդմերթ խոչընդոտում է ստորագրահավաքի օրինական անցկացմանը։ Նախ շուրջ 40 000 ընտրական իրավունք ունեցողանձանց քաղաքում տրամադրվել էր ընդամենը մեկ սենյակ ստորագրահավաքը իրականացնելու համար,  հանրային ծառայողներին հրահանգվել էր թույլ չտալ ԱՀ այլ համայնքների և քաղաքների բնակիչներին մասնակցել ստորագրահավաքին Ստեփանակերտում, մինչդեռ ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի`Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն, ով ունի ընտրական իրավունք կարող է մասնակցել ստորագրահավաքին ԱՀ ցանկացած քաղաքում և համայնքում։

Այս հարցը իհարկե իր լուծումը գտավ ԱՀ Արդարադատության նախարարի հետ ստորագրահավաքը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի հանդիպումից հետո։ Ապա նաև քաղաքապետի կողմից  լիազորված հանրային երեք ծառայողներին պարտադրվել էր , որ երեքն էլ միանգամից ստորագրեն ստորագրահավաքի համար նախատեսված ձևաթերթիկի տակ, մինչդեռ դա պետք է արվեր հերթափոխով։  Այս ամենից զատ պետական բոլոր կառույցների աշխատակիցներին պարտադրվել է չմասնակցել ստորագրահավաքին՝ ընդհուպ մինչև վախի սպառնալիքներ հնչեցնելը և պահանջելը  նրանցից անձը հաստատող փաստաթղթեր։

Նախաձեռնող խումբը հետամուտ կլինի այսպիսի անօրինական գործողությունների բացահայտմանը և նրանց լուսաբանմանը, ապա նաև օրինական դաշտում այս բոլոր հարցերի հանգուցալուծմանը։

Ստորագրահավաքը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյան»։