Հանրակացարանից վտարված եղվարդցիները գիշերել են կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնսովոր տեսարան կառավարության շենքի մոտ՝ կիզիչ արեւի տակ։ Մի խումբ քաղաքացիներ՝ երեխաների հետ երեկվանից այստեղ են։ Բարձերն ու ծածկոցները փռված են աստիճանների վրա։ Նրանք պատրաստվում են,նախորդ օրվա նման, այս գիշեր էլ մնալ այստեղ։ Ըստ նրանց՝ իրենց երեկ վտարել են Եղվարդի հանրակացարանից բռնի ուժով։
Բնակիչները պնդում են, որ արդեն 15 տարի է՝ կացարանից կացարան են տեղափոխվում։
Վերջին 1 տարին քաղաքացիները բնակվել են հանրակացարանում, որի սեփականատերը, ըստ նրանց, հայտնվել է միայն այս տարվա փետրվարի 20-ին և բռնի ուժով դուրս հանել բնակիչներին՝ հասցնելով նյութական վնասներ:
Քաղաքացիների պնդմամբ՝ կիրառված բռնության հետևանքով իրենք և իրենց երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ:
Բնակիչները հանդիպել են Կոտայքի մարզպետի հետ, ով 1 ամիս առաջ խոստացել է հարցին լուծում տալ, սակայն ոչինչ չի փոխվել:
Այսօր քաղաքացիները հանդիպել են ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, ով, քաղաքացիների պնդմամբ, նրանց հորդորել է տուն վարձակալել, քանի որ բոլորն էլ աշխատանք ունեն: Բնակիչները հայտնեցին, որ իրենց ստացած 55,000 դրամ կազմող աշխատավարձը չի բավականացնում նույնիսկ կենցաղային կարիքները հոգալու համար:
Եղվարդցիները նշում են, որ չեն հեռանա, մինչև չհանդիպեն վարչապետ Փաշինյանին: