Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130570
A A
Հասարակություն

Դեղին սաղավարտներով ակցիա՝ Ազգային ժողովի դիմաց (տեսանյութ)

«Ահազանգ» նախաձեռնության անդամները «Ո՛չ համահարթեցմանը» պաստառներով բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ եկամտահարկի համահարթեցման։

Նրանք հույս ունեն, որ խորհրդարանական ընդդիմությունը կաջակցի իրենց։

Նշենք, որ այսօրվա նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել են օրինագծին դեմ քվեարկելու իրենց դիրքորոշման մասին։

Ցույցի մասնակիցները կրում են դեղին բանվորական սաղավարտներ, որոնց վրա գրված է «ահազանգ»։

Նրանք ԱԺ դարպասների դիմաց շարեցին բանվորական սաղավարտները և ձեռնոցներ։ Դրանք շարելուց հետո վարկային կազմակերպությունների վարկային պատմության փաստաթղթերով պատրաստված ինքնաթիռներ նետեցին դրանց վրա։

«Ա1+» -ի հետ զրույցում նախաձեռնության համակարգող խմբի անդամ Հովհաննես Ստեփանյանն ասաց, որ նոր օրենսգիրքը հնարավորություն է տալիս հարուստներին ավելի հարստանալ, իսկ աղքատներին՝ աղքատանալ։ Ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքին կա նաև մեծ կարմիր փուչիկ որի վրա գրված է. «Հարկային նոր օրենսգիրք»։ Այդ փուչիկը, ըստ Ստեփանյանի, խորհրդանշում է հարկային նոր օրենսգրքի արդյունավետությունը։

Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժն են ներկայացնում, նա պատասխանեց, որ որոշ անդամներ Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական թևից են։

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այս հարցով նախկինում հանդիպել են «Բարգավաճ Հայաստան»-ից Սերգեյ Բագրատյանին և «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին և գոհ են խմբակցությունների դիրքորոշումներից։

Հարկային նոր օրենսգրքի ընդունման մասին լուրն իմանալուց հետո ակցիայի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ։

Նրանք հայտարարեցին, որ օրենսգրքի ընդունմամբ քաղաքական մեծամասնությունն իր վրա վերցրեց ամբողջ պատասխանատվությունը։