Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչ է նախատեսվում օրենսդրական փաթեթի նախագծով

Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն ԱԺ այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է օրենսդրական փաթեթի նախագիծ՝ ազատությունից զրկված անձանց վերաբերող առանցքային մի շարք փոփոխություններով: 
Մասնավորապես՝ առաջարկվում է.

Նախատեսել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, այլ նաև տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:
Նախատեսել, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում մեխանիկորեն արգելվում է միայն անձի աշխատելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում անձն օբյեկտիվորեն չի կարող աշխատել:
Նախատեսել, որ պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ ոչ թե ենթարկվում են մեխանիկական սահմանափակման, այլ կարող են սահմանափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում:

Մասնավորապես՝ նախատեսվել է, որ պատժախցում գտնվելու

ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել`

դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,

հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի, 

քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,
 տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, 
հեռախոսակապից օգտվելը:

Ընդ որում՝ հստակեցվել է, որ իրավակիրառ սուբյեկտը թվարկված սահմանափակումներից յուրաքանչյուրը կիրառելիս պետք է հիմնավորի`
պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և 
սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը։ 

Միասնականացնել Քրեակատարողական օրենսգրքով և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով նախատեսված՝ պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների ծավալը: