Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փաստաբանի կարծիքով՝ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշումները որեւէ իրավաբանական ուժ չեն ունենա (տեսանյութ)

ՍԴ անդամների կայացրած որոշումները որեւէ  իրավաբանական ուժ չունեն, դրանք ընդունման պահից առ ոչինչ են եւ որեւէ իրավական հետեւանք չեն կարող առաջացնել:

«Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ պատասխանելով, թե ի՞նչ իրավաբանական ուժ կունենա ՍԴ անդամների կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի դիմումների  վերաբերյալ:

«ՍԴ անդամները 2018 թվականի ապրիլի 9-ից հանդես չեն գալիս որպես Սահմանադրական դատարան եւ նրանց ընդունած որոշումները՝ մասնավորապես այն որոշումը, որի մասին Դուք հարց տվեցիք: Կարծում եմ՝ ՍԴ-ն այս ժամանակահատվածում կհամալրի իր կազմը, եւ դրանից հետո նոր ՍԴ-ն կիրականացնի իր լիազորությունները: ՍԴ անդամները  իրավասու չեն իրականցնելու Սահմանադրական արդարադատություն կամ ՍԴ որեւէ այլ լիազորություն, եթե նրանք շարունակեն ընդունել որոշումներ, իրականացնել այլ լիազորություններ, դա կնշանակի, որ նրանք շարունակում են յուրացնել ՍԴ դատավորի լիազրությունները, ինչը  քրեորեն հետապնդելի արարք է, դա առանձնապես ծանր հանցագործություն է համարվում:  Ցանկացած անձի կամ կազմակերպության, կամ իրավասու պետական մարմնի կողմից ՍԴ ներկայացված դիմումը կարող է քննության առնվել, երբ մենք կունենանք Սահմանադրական դատարանի լիարժեք կազմ՝ ՍԴ դատավորներով»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՍԴ աշխատակարգային նիստում որոշում է կայացվել վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումները: Դատաքնությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին:

Հանրության համար նման զգայուն գործը, ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական գործը, այս դատական համակարգին վստահելը ծայրաստիճան անպատասխանատվություն եւ արկածախնդրություն է, վստահ է Մուշեղ Շուշանյանը:  

«Դատական համակարգը ծանրագույն հանցանքներ է գործել արդարադատության դեմ, մարդկանց ճակատագրեր է խեղել,մասնակցություն է ունեցել քաղաքական հետապնդումների իրականացմանը եւ այդ համակարգը ոչ թե պարզապես պետք է ռեֆորմի ենթարկել,առողջացնել, այլ ես գտնում եմ, որ այդ համակարգը պետք է ամբողջությամբ փոխել: Պետք է ձեւավորել նոր, իրապես անկախ դատական իշխանություն, որը մենք այս պահի դրությամբ չունենք»,-եզրափակեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը: