Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

4 տարի մեզ ծաղրել են. «Էլեկտրիկ Երևանի» դեպքերից տուժած լրագրող (տեսանյութ)

Լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով տուժել է «Էլեկտրիկ Երևանի» դեպքերից, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց, որ 4 տարի շարունակ իրենց ծաղրել են։ Ասում է՝ այս տարիների ընթացքում իրավապահ մարմինների կիրառած բռնությունների համար իրական մեղավորները շարունակում են անպատիժ մնալ: Ինքը նույնիսկ դեպքերից հետո սեփական հետաքննությունն է նախաձեռնել:

«Հունիսի 23-ին ես նկարահանել էի մոտավորապես 40 անձի՝  քաղաքացիական հագուստով ոստիկանների դեմքեր: Այնուհետև  նույնականացրել եմ նրանց անձերը: Այս պահի դրությամբ՝ այդ մարդիկ աշխատում են որպես վարչության պետեր, վարչության պետի տեղակալներ: Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան իմ հավաքագրած նյութերով դիմել է գլխավոր դատախազություն՝ ասելով որ նոր գործ հարուցվի, քանի որ քննիչը անգործություն է ցուցաբերել»- նշում է լրագրողը:

Հատուկ քննչական ծառայությունը, նրա խոսքով, հակառակ սպասելիքների՝ ոչ միայն նոր գործ չհարուցեց, այլև կասեցրեց գործի վարույթը: Պատճառաբանությունը հետևյալն էր՝ «Որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց.

«Մենք ստիպված եղանք այդ լրագրողների շահերը ներկայացնելով՝ դիմել դատախազություն և բողոքարկել ՀՔԾ որոշումը: Այնուհետև դատախազությունը  պարտադրեց վերսկսել քննությունը։ Այնուամենայնիվ, մինչ օրս այս գործով ոչ մի նոր մեղադրյալ կամ կասկածյալ չի ավելացել»:

Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը վստահ է՝ գործն արդեն դուրս է իրավական տիրույթից, ու իշխանությունները պիտի իրավիճակին քաղաքական գնահատական տան, քանի որ տեղի ունեցած իրադարձություններն ունեին քաղաքական ենթատեքստ:

Ասում է՝ նույնիսկ  տուժողներն արդեն այլևս մեծ պատրասատակամություն չեն դրսևորում սեփական իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ հույսը դնելով նոր իշխանությունների քաղաքական դիրքորոշման վրա:

«Այն ժամանակը, որ պիտի օգտագործեինք արդյունավետ քննության համար, բաց ենք թողել: Այն բոլոր փաստերը և ապացույցները, որոնք պիտի օգտագործվեին և պատասխանատվության համար հիմք հանդիսանային, այլևս, իմ գնահատմամբ, զուտ իրավական տեսանկյունից հնարավոր չէ ձեռք բերել»:

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանի համար անակնկալ էր, որ նոր Հայաստանում գործի արդար քննությանն ուղղված քայլեր չեն ձեռնարկվում:

«Փաստորեն, հետհեղափոխական Հայաստանում մենք քրեական գործերի հիմքով ունենք նույն իրավիճակը, ինչ նախկինում: Ես առաջիկայում կնախաձեռնեմ քննարկում, որ հասկանամ, թե ինչ է տեղի ունենում կոնկրետ գործի քննության մասով: Եթե  էլեկտրիկ Երևանի դեպքերը ժամանակին պատժվեին, Սարի թաղի դեպքերը  չէինք ունենա», - վստահ է  Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք՝ 4 տարի առաջ, հունիսի 23-ին, սկսվեց «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած սոցիալական բողոքի շարժումը: Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաներ կիրառեց Բաղրամյան պողոտայում գիշերած անձանց, ինչպես նաև իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ։ Այդ օրը 237 մարդ բերման ենթարկվեց։