Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130505
A A
Հասարակություն

«Հրայր Թովմասյան, դու հեռացված ես աշխատանքից». ակցիա՝ ՍԴ շենքի դիմաց (տեսանյութ)

Մոտ 1 ամիս շարունակ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջող մի խումբ ակտիվիստներ այսօր ՍԴ շենքի դիմաց պահանջում էին ոչ թե նրա հրաժարականը, այլ ՍԴ շենքից հեռանալը:

«Հրայր Թովմասյան, դու հեռացված ես աշխատանքից, դուրս արի և ազատիր այս շենքը քո ներկայությունից: Քեզ հետ վերցրու նաև քո ապօրինի դատավորներին, Ձեր հրաժարականը մեզ այլևս պետք չի», - դիմելով Հրայր Թովմասյանին՝ ասում էր ակտիվիստ Արթուր Մովսիսյանը:

«Ա1+»-ի հետ զրույցում ակտիվիստը հայտնեց, որ նախապես էին պլանավորել գալ, ՍԴ շենքի մուտքերը փակել և կրկին պահանջել նրա հրաժարականը, բայց երեկ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը լսելուց հետո պլանները փոխվել են:

«Եկել եմ այստեղ ընդամենը փաստը արձանագրելու, որ Հրայր Թովմասյանը աշխատանքից հեռացվել է»,- ընդգծեց նա: Մեր հարցին, թե ունե՞ն Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու, Արթուր Մովսիսյանը դրական արձագանքեց՝ հավելելով, որ ՍԴ նախագահ պետք է լինի իր կողմից հարգված, բարձր մասնագիտական հմտություններ ունեցող ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը: