Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախում տեղի ունեցավ հրամանատարաշտաբային զորավարժությունների կրակային փուլը (տեսանյութ)

Արցախի պաշտպանության  բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական՝ կրակային փուլը:

Ըստ ՊԲ մամլո  հաղորդագրության՝  բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված  մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ:

Նշված գործընթացները պլանավորվել և իրականացվել են վերջին շրջանում բանակի զորամասերում և ստորաբաժանումներում կատարված կազմակերպահաստիքային փոփոխությունների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր տեսականիների համալրման պայմաններում։

Սա, ըստ հաղորդագրության, հնարավորություն տվեց օբյեկտիվորեն գնահատելու զորավարժությանը ներգրավված ուժերի և միջոցների իրական հնարավորություններն ու մարտական պատրաստվածության մակարդակը:

Բացի մարտավարամասնագիտական կարևորության խնդիրներից, զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն Է դարձվել կիրառման մեջ դրված սպառազինության, այդ թվում՝ հետախուզական նշանակության նորագույն տեխնիկական միջոցների փորձարկման, ինչպես նաև կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, այն է՝ մարտական գործողությունների վարման կայունությունն ու անընդհատությունն ապահովող   գործոնների վրա:

 «Ամփոփելով կատարվածը` կարելի է փաստել, որ անձնակազմը, դրսևորելով մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և կրակային խոցման գերազանց արդյունքներ, իր առջև դրված խնդիրը կատարել է ամբողջ ծավալով»,-ասված է հաղորդագրության մեջ։