Բացել լրահոսը Փակել լրահոսը
64558384_628229807652738_8698340447019335680_n
A A
Հասարակություն

Ինչպե՞ս կլուծվի Իջևանի շուկայի դիմացի արգելապատնեշների խնդիրը

Արդեն մի քանի տարի է, ինչ Իջևանի բնակիչները բողոքում են քաղաքի շուկայի դիմաց տեղադրված բետոնե արգելապատնեշների առկայությունից:

Հարցին վերջապես արձագանքել է օրերս իր լիազորությունները ստանձնած Իջեւանի նորընտիր ավագանին:

Խնդրի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է Իջևանի ավագանու անդամ Թաթուլ Աթաբեկյանի հետ:

Վերջինս նշեց, որ շուկայի մոտ բետոնե արգելապատնեշները տեղադրելուց ի վեր  քաղաքացիներից ստացվել են բազմաթիվ բողոքներ։

«Եվ հիմա շուկայի դիմաց երթևեկությունը կարգավորելու համար քննարկվում է 3 տարբերակ։ Որոշումը կայացնելու է նախարարությունը, սակայն հաշվի է առնվելու նաև Իջևանի ավագանու կարծիքը: Նախարարությունն առաջարկում է երեք տարբերակ՝ թողնել այնպես, ինչպես կա, հանել արգելապատնեշները և կատարել գծանշումներ, և հետիոտնի համար տեղադրել լուսացույց, տեղադրել մեկ գծով արգելապատնեշ ճանապարհի կենտրոնով: Մենք հակված ենք երկրորդ տարբերակին»,- ասաց Թաթուլ Աթաբեկյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց կարծիքը ներկայացրել են օրերս կայացած ավագանու անդրանիկ նիստի ժամանակ, սակայն վերջնական որոշում կայացնողը տրանսպորտի և կապի նախարարությունն է:

«Մեր կարծիքը առավել հիմնավորելու համար ես մինչև հարցի քննարկումը որոշակի հարցումներ էի անցկացրել ժողովրդի շրջանում, թե՛ սոցցանցերի միջոցով, թե՛ կենդանի շփումներով, և հարցվածների 80 տոկոսը հենց մեր առաջարկած  տարբերակն է ուզում՝ հանել արգելապատնեշները և կատարել գծանշումներ, ինչպես նաև հետիոտնի համար տեղադրել լուսացույց: Ինձ համար իմ կարծիքը ներկայացնելիս շատ կարևոր է իմանալ իջևանցիների կարծիքը այս հարցի վերաբերյալ», ասաց Թաթուլ Աթաբեկյանը: 

Քանի որ ավագանին դեռ նոր է անցել իր լիազորություններին, Թաթուլ Աթաբեկյանն ասաց, որ Իջևանի խնդիրներին քաջատեղյակ են, և իրենց նոր ձևավորված երիտասարդ կազմով տրամադրված են աշխատանքի: