Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Ժողովուրդը պետք է աջակցի Վահե Գրիգորյանին. Սասնա Ծռեր

Վահե Գրիգորյանի առաջարկած ճանապարհի վերաբերյալ

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

«Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Ազգային ժողովի ամբիոնից առաջին անգամ հնչեցրեց ազգային արժեքների վրա հիմնված ազգային պետության կայացման և ազգային սահմանադրության ստեղծման հայեցակարգային գաղափարներ:

Վահե Գրիգորյանը, հիմնվելով այդ գաղափարների վրա՝ ներկայացրեց նաև գործող ապազգային ու ապօրինի Սահմանադրական դատարանն ապամոնտաժելու և սահմանադրականություն հաստատելու վերաբերյալ իր մոտեցումները:
Անշուշտ, մենք միանգամայն այլ՝ համակարգային և շատ ավելի արդյունավետ ճանապարհ էինք պատկերացնում:

Մենք համոզված ենք, որ ճիշտ կլիներ ռեժիմի տապալումից հետո շարունակել  հեղափոխությունը, հանրաքվեով ընդունել ազգային արժեքների և նպատակների վրա հիմնված հայկական պետության իրավաքաղաքական հայեցակարգ ու դրան համապատասխան կարճաժամկետ անցումային ծրագիր և անցումային կառավարման միջոցով այդ ծրագրի իրագործմամբ.

ազատվել Ռուսաստանի նորգաղութային կախյալությունից,

ամբողջացնել Արցախի միացման գործընթացը,

անցումային արդարադատության և լյուստրացիայի միջոցով մաքրել, ինչպես նաև հնարավորինս կայացնել բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը,

մշակել և ընդունել Ազգային սահմանադրություն և դրան համապատասխան կազմակերպել նոր ընտրություններ:

Սակայն, հաշվի առնելով, որ հեղափոխական մանդատ ստացած իշխանությունը կառավարման ղեկը ստանձնելու առաջին իսկ պահից հրաժարվեց հեղափոխությունից և ընտրեց նախկին իշխանության իրավահաջորդությունը, Վահե Գրիգորյանի ներկայացրած ճանապարհն այսօր դառնում է գործնականորեն նախընտրելի՝ ապօրինի Սահմանադրական դատարանը վերակազմակերպելու և սահմանադրականություն հաստատելու հարցում:

Ներկայիս իրողությունների պայմաններում բոլորս ունենք որոշակի պարտավորություններ:
Ժողովուրդը պետք է աջակցի Վահե Գրիգորյանին, իշխանությունները պետք է ընդունեն նրա մոտեցումները և գործակցեն նրա հետ, իսկ ինքը՝ Վահե Գրիգորյանը, պետք է հետևողական լինի և դառնա նոր Սահմանադրության ընդունման և դատաիրավական համակարգի արմատական վերափոխման գործընթացի առաջամարտիկը»: