Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Առաջարկում են Էմիրություններից ֆիլիպինցիների մուտքը Հայաստան հեշտացնել (տեսանյութ)

Պարսից ծոցի երկրներում բնակվող օտարերկրացիները Վրաստան ժամանելիս ազատված են մուտքի արտոնագրեր ձեռք բերելու պահանջից, իսկ Հայաստան՝ ոչ։

Քաթարում բնիկ բնակչության թիվը 240 հազար է, մինչդեռ այլ երկրների քաղաքացիներինը՝ 10 անգամ գրեթե ավելի։ Էմիրություններում մինչև 1 միլիոն բնիկ բնակչություն ունեն, իսկ ներգաղթյալների թիվը 7 միլիոնից ավելի է. «Ա1»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի Ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Եգանյանը։

Եգանյանի խոսքով՝ այդ երկրներում վարվող միգրացիոն քաղաքականությունը ստիպում է, որ այլ երկրների քաղաքացիներն իրենց կացության կարգավիճակը թարմացնելու նպատակով 3-4 օրով դուրս գան վերոնշյալ երկրներից և վերադառնան։

Եվ այդ անձինք հիմնականում այն երկրներ են գալիս, որտեղ ավելի հեշտ է մուտք գործելը և հնարավոր կլինի համեմատաբար քիչ գումար ծախսել։ «Եվ այդ առումով նրանց հետաքրքրությունների շրջանակի մեջ է ներառվում հարավկովկասյան ուղղությունը, մասնավորապես՝ Վրաստան և Հայաստան»,- նշում է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ տուրիզմի տեսանկյունց այս երկու պետություններն անվտանգ են համարվում։

Նա ասում է, որ ուսումնասիրություն է կատարվել, և ստացված արդյունքը ցույց է տվել, որ Դուբայից դեպի Թբիլիսի կատարվում է 28 ավիաթռիչք, իսկ դեպի Երևան՝ 11, Դոհայից՝ համապատասխանաբար 21 և 7։

Իսկ այսպիսի վիճագրությունը, ըստ Եգանյանի, պայմանավորված է նրանով, որ Պարսից ծոցի երկրներում բնակվող օտարերկրացիները Վրաստան ժամանելիս ազատված են մուտքի արտոնագրեր ձեռք բերելու պահանջից, իսկ Հայաստանում՝ ոչ։ Վերջինի պարագայում մուտքի արտոնագրի տրամադրումը կրում է որոշակի ժամանակատար վարչարարական գործընթաց, իսկ մյուս կողմից՝ պետտուրքի վճարում, և այս հանգամանքներով պայմանավորված՝ նրանք նախընտրում են Վրաստան ուղևորվել։

Վերոնշյալը հաշվի առնելով՝ հանձնաժողովն առաջարկվում է վերոնշյալ օտարերկրացիներին ազատել մուտքի արտոնագիր ունենալու պահանջից փորձնական 1 տարով։

Մանրամասները՝ տեսանյութում