Բացել լրահոսը Փակել լրահոսը
64947544_720872681664182_2530375975233912832_n
A A
Հասարակություն

Ինչո՞ւ ԲԴԽ-ն չի կարող լինել վեթթինգ իրականացնող մարմին՝ ըստ Գևորգ Պետրոսյանի

Բարձրագույն դատական խորհուրդն այն մարմինը չէ, որը պետք է իրականացնի վեթթինգ: Սա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքն է:

Թե ինչո՞ւ ԲԴԽ-ն չի կարող լինել վեթթինգ իրականացնող մարմին, «Ա1+»-ի հետ զրույցում պատգամավորը պատճառաբանեց, որ Սահմանադրությամբ ԲԴԽ-ի առաքելությունը դատական համակարգի անկախության երաշխավոր լինելն է:

«Անկախություն երաշխավորելը բոլորովին այլ գործառույթ է, վեթթինգ իրականացնելը՝ այլ»,- ասաց նա:

Բայց և այնպես, ըստ պատգամավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները սպառիչ չեն: ԲԴԽ-ի այլ գործառույթներ կարող են սահմանվել Դատական օրենսգրքով:

«Անգամ ամենամեծ ցանկության պարագայում Դատական օրնեսգրքով չեն կարող սահմանվել այնպիսի լիազորություններ, որոնք դուրս են գալիս ԲԴԽ-ին Սահմանադրությամբ վերապահված նպատակների շրջանակից: Այս առումով, եթե նրանք շրջանցեն հանրաքվեի ճանապարհը և գնան Ազգային ժողովի միջոցով Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ անելու, ապա դրանց սահմանադրականությունը շատ վիճելի կլինի»,- շեշտեց պատգամավորը:

Առհասարակ, խնդրի լուծումն իրականացնելու համար, ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ պետք է հանրաքվե լինի, սակայն կասկածում է, որ Կառավարությունը կողմ կլինի դրան:

«Հանրաքվեի արդյունքում պետք է, որ նախաձեռնողը ստանա 50%-ից ավելի ձայն, երևի թե իրենք կասկածում են դրան»:

Այնուամենայնիվ, Գևորգ Պետրոսյանը համամիտ է՝ հանրության համար պիտի հասկանալի լինի պետական պաշտոնյայի կենսակերպը, բայց պնդում է՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակում:

«Թող կարծիք չձևավորվի, թե մեր խմբակցությունը դեմ է դրան, հակառակը՝ մենք կողմ ենք: Մեր կուսակցության ծրագրում, նաև ելույթներում կարևորել ենք պետական ծառայության թափանցիկության գաղափարը, բայց ոչ մի բանի չի կարելի հասնել՝ օրենքը խախտելու միջոցով»,- եզրափակեց նա: