Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ամեն մարդ իր արարքի համար պետք է պատասխան տա, սա դրա վառ վկայությունն է. գլխավոր դատախազ (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ներկայացնելով վերաքննիչ բողոքը, ասաց, որ իրենք զավեշտալի են համարում, որ գործով դատավորը, ունենալով գործով ամբողջ նյութերը, իր որոշմամբ դրսեւորեց կրավորական կեցվածք:

Խոսելով Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագից՝  գլխավոր դատախազն ասաց, որ նույն մեղադրյալին մեղսագրված կաշառքի դրվագով մանրամասն ներկայացվել են գործում առկա ապացույցները, կաշառք տալու վերաբերյալ անձանց ցուցմունքները:

Արթուր Դավթյանի խոսքերով՝ ինչպե՞ս կարող էր գործն օբյեկտիվ քննելուն հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջացնել 2007 թվականից նախկին նախագահի որդու՝ 18 միլիոն ԱՄՆ դոլար առկայության ու արտարժույթի հանգամանքը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմքերին՝ գլխավոր դատախազն ասաց, որ մեղադրյալ Քոչարյանը կխոչընդոտի գործի օբյեկտիվ քննությանը: Վերջինս նաեւ ասաց, որ մեկ պարզագույն փաստարկ՝ Քոչարյանին մեղսագրված հանցանքները բարդ, հանցավոր սխեմայի դրսեւորում է, որի դերակատարները ծառայողական կախվածություն են ունեցել մեղադրյալից, գործով մեղադրյալ են Պաշտպանության նախարարը, կայազորի պետը, աշխատակազմի ղեկավարը։

« Քոչարյանի զգալի շահագրգռվածությունը առավել քան ակնհայտ է: Մեղսագրված հանցագործությունների, դրանց կատարման պահին ու դրանից հետո քողարկման ջանքերը, բանակի ներգրավման ակտիվ քողարկումը, պետհամարանիշների, համազգեստի փոփոխությունը, քաղաքացիական անձանց հանդերձավորումը եւ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավվածության բազում ապացույցներ առկա են այս գործում: Դատավարական ելքով ձևակերպված առավել քան մեծ է փաստարկված հավանականությունը՝ գործի օբյեկտիվությանը խոչընդոտելու ռիսկը»,- ասաց Արթուր Դավթյանը։

Նա նաեւ նշեց, որ մեր օրենսդրությամբ նախատեսված ոչ մի այլ խափանման միջոց չի կարող բացառել վերը նշած շփումները, որևէ այլ խափանման միջոց չի ստեղծում տեխնիկական այնպիսի հնարավորություն, որոնք ուղղակիորեն կբացառեն անձի՝ մեկ այլ անձի հետ շփումը, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելը:

«Եվ այս պայմաններն են մեզ հիմք տալիս ենթադրելու, եւ գտնում ենք, որ առաջին ատյանի դատարանի կայացրած խափանման միջոցը անհամաչափ է եւ ենթական է բեկանման»,-ասաց գլխավոր դատախազը՝ պնդելով որպես խափանման միջոց Քոչարյանի նկատմամբ կիրառել կալանքը։

Խոսելով նաեւ կողմերի դրսևորած որոշակի վարքագծից՝ գլխավոր դատախազն ասաց, որ իր գնահատմամբ՝ պաշտպանական կողմից դատավորին հնչում են հորդորներ և սպառնալիքներ։

«Այն ձևակերպումներով, որ յուրաքանչյուրն իր արարքների համար պատասխանատու է եւ ենթակա է պատասխանատվության, մեր ենթադրությամբ՝ դա բացարձակ ճշմարտություն է՝ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան տալու է: Եվ այս դատավարությունը դրա վառ վկայությունն է: Մեղադրանքի կողմը հույս է հայտնում, որ մեր դատարանը կմնա իր դիրքերում և կկայացնի ճիշտ որոշում»,- հավելեց Արթուր Դավթյանը։