Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքների քննությունը Վերաքննիչ դատարանում (տեսանյութ)

Նիստը սկսվել է, պաշտպանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չի գտնում մասնակցել նիստին:

Այսօր դատարան են ներկայացել մարտի մեկի գործով տուժողների իրավահաջորդները:

Ներկայացել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորի երեկվա գործողությունների վերաբերյալ։

Արթուր Դավթյանը նշեց՝ նախորդ հիմնավորումը նախորդ երկու ժամանոց նիստի սղագրությունն էր։

«Ակնհայտ է, որ դատարանը անառարկելիորեն հետեւություններ արեց։ Ես կարծում եմ, որ այս միջնորդությունը միտում ունի նիստը անհարկի ձգձգելու։ Կարծում եմ, որ միջնորդությունը ենթակա է մերժման»,- ասաց նա։

Դատախազները եւ տուժողների իրավահաջորդները միացան դատախազին։

Հովհաննես Խուդոյանը հայտարարություն արեց Արթուր Դավթյանի արձագանքի վերաբերյալ։ Խուդոյանը նշեց, որ ինքը երեք ժամ հետեւել է երեկվա նիստին, որ վրիպակ թույլ չտա։

Մեղադրանք հնչեցվեց դատավարական իրավունքների չարաշահման։ Խուդոյանը դատավորին ասաց, որ եթե նման բան կնկատի իր կողմից, թող դատարանը սանկցիա կիրառի իր նկատմամբ։

Սեդա Սաֆարյանը, անդրադառնալով Խուդոյանի ներկայացրած միջնորդությանը, ասաց, որ երեկվա միջադեպն իրեն էլ դուր չի եկել։

«Ես չեմ տեսել որեւէ դրսեւորում, որը հիմք է հանդիսացել ինքնաբացարկի միջնորդության համար»,- ասաց նա։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Որոշումը կհրապարակվի ժամը 12։30։