Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կամ հստակեցրեք, կամ ցմահի հույսը «սպանեք» օրենքով.այդ ավելի ազնիվ է. Ա. Իշխանյանը՝ իշխանություններին (տեսանյութ)

 Օրեր առաջ պաշտոնից  հրաժարված, Արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարում էր, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է  ցուցաբերվելու։  Այսինքն՝ նրանք կարող են մի օր  հայտնվել ազատության մեջ, եթե դրական վարքագիծ ցուցաբերեն։

Ցմահ դատապատյալներից  շատերը պնդում են, որ այդ մոտեցումն իրականում դեռ չի կիրառվում։ Ընդամենը մեկ ցմահ ազատազրկման դատապարտված անձ է  պայմանական վաղաժամկետ ազատվել։ Հայաստանում կա 91 ցմահ դատապարտված անձ, որը բավականին բարձր ցուցանիշ է ԵԽ անդամ երկրների մեջ։

Այնուամենայնիվ, Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո՝  կպահպանվի արդյո՞ք խոստացված անհատական  մոտեցումը։

 Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ ցմահ դատապարտյալների հարցով  իրավապաշտպաններն ու միջազգային փորձագետները զրուցել են    Արդարադատության   բոլոր նախարարների   հետ, բայց սայլն այդպես էլ տեղից չի շարժվել։  

Նրա  տպավորությամբ՝  ցմահ ազատազրկվածին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը  կարծես  դարձել է տաբու թե  նախկին, թե ներկա իշխանությունների համար։    

 Ըստ օրենքի՝ «ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է ներկայացվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նախորդ հինգ տարիների ընթացքում պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների համար տույժ չունենալու դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին կրելուց հետո»։

Ու քանի որ տարբեր պատճառաբանություններով օրենքը մնում է թղթի վրա, իրավապաշտպանը համարում է, որ այս դեպքում պարզապես քաղաքական կամք է պետք։

«Նոր նախարարն այս ուղղությամբ քայլեր կձեռնարկի՞, դժվարանում եմ  ասել, բայց... կասկածում եմ»,- ասում է Ավետիք   Իշխանյանը։

 Եւ եթե կրկին  համակարգային փոփոխություններ չեն լինելու, ապա իրավապաշտպանը կոչ է անում  դեռեւս չնշանակված նախարարին՝   կամ հստակեցնել  կամ  ցմահի հույսը «սպանել»՝ օրենքից հանելով  համապատասխան դրույթը,որ նա հույսեր չփայփայի, թե դուրս է գալու բանտից՝ օրենքի պահանջով։

Այդ ավելի ազնիվ կլինի,- ասում է  Ավետիք Իշխանյանը։

Կա  տեսակետ, որ «Հոկտեմբերի 27»-ի գործն ուղղակի ազդել է Հայաստանում ցմահ դատապարտյալների շուրջ ստեղծված իրավիճակի  վրա։  Ըստ Իշխանյանի՝ ազդել է ոչ միայն այս, այլ նաեւ այլ գործեր, այդ թվում՝   « Դրոյի գործը»։  

Ավետիք  Իշխանյանը լսել է «Դրոյի գործով» ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու՝ «Ա1+»-ին  տված մեկ ժամանոց հարցազրույցը։ Նա կարծում է, որ Արսեն Արծրունին լիարժեք բարձրաձայնել է համակարգում առկա խնդիրները։  Նա նույնիսկ խորհուրդ կտար իշխանություններին  ոլորտում փոփոխություններ անելիս Արսեն Արծրունուն   առաջարկել լինել  խորհրդատու։

Իսկ խնդիրների մասին  խոսում են գրեթե բոլոր ցմահ դատապարտվածները, որոնց գոնե ամիսը մեկ հանդիպում է Ավետիք Իշխանյանը՝ նրանց ցանկությամբ։ 

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտված Հունանյան եղբայրներն, ի  դեպ, ցանկություն չեն հայտնել իրավապաշտպանի հետ հանդիպելու։ Իսկ արդյո՞ք  նրանք դիմել են պայմանական վաղաժամկետ ազատման համար, Ավետիք Իշխանյանը  տեղեկություն չունի։

 Չցանկանալով իր անձնական  վերաբերմունքը  բարձրաձայնել՝ նա միայն հիշեցնում է  չմոռանալ  1999թ ահաբեկչություն իրականացրածների նկատմամբ հանրության վերաբերմունքը  ։

«Բարդ խնդիր  է՝  եթե նրանք վաղաժամկետ ազատ արձակվեն,  ինչպես պե՞տք է ապրեն մեր հասարակության մեջ»,- ասում է  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը։

Պետությունը ստիպված կլինի լուծել  նոր խնդիր։ Մանրամասները՝  տեսանյութում։