Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Նպաստառուներից ստացել է ապօրինի վարձատրություն. գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետը, 2006  թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հոկտեմբերը զբաղեցնելով նշված պաշտոնը, օժտված լինելով տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու, սոցիալական աջակցություն ստացողի կարիքները գնահատելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, նպաստառուներից ստացել է ապօրինի վարձատրություն՝ նրանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց:

Մասնավորապես, սոցիալական աջակցության Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետը՝ ծնված 1969թ., Մեղրի համայնքի բնակիչների կողմից  ընտանեկան նպաստ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը ժամանակին հաշվառելու, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալները հաշվառելիս ընտանիքին սոցիալապես անապահով և նպաստառության ենթակա ճանաչելու մասին առաջարկություն ներկայացնելու դիմաց վերջիններից ստացել է ապօրինի վարձատրություն: Քննությամբ պարզվել է, որ 50-ամյա կինը ապօրինի վարձատրություն է ստացել նաև Երևան քաղաքի բնակչուհուց՝ վերջինիս օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն չկատարելու, մասնավորապես տնային այցելություն չկատարելով` նրա ընտանիքի՝ Մեղրի համայնքում գտնվող տանը հաշվառված լինելու, սակայն հաշվառման վայրում չբնակվելու հանգամանքը չփաստագրելու և տրամադրված նպաստը չդադարեցնելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով (հինգ  դրվագ): Երևան քաղաքի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Մեղրի համայնքի ևս երկու բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ համաներման ակտի ընդունման հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին