Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0431
A A
Հասարակություն

Հայհոյախառն ձայնագրություններ՝ «Իգլա»-ի գործով նիստի ընթացքում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում հրապարակվեցին օպերատիվ-հետախուզական գործողություններով կատարված ձայնագրություններ։ 

Հիշեցնենք, որ Երևանի Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հունիսի 15-ին բեկանել էր Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի և ընկերների վերաբերյալ վճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով մյուս մեղադրյալներ Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Իսկ Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին,  Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Ձայնագրությունները և գաղտնալսումները պարունակում էին հայհոյանքներ.դրանք ենթակա չեն հրապարակման։

Դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 28-ին ժամը 14։00-ին