Արտակ Զեյնալյանի միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունիսի 14-ին, ժամը 16.00-ին նշանակված էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշման հրապարակումը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում և հաշվի առնելով, որ ներկա պահին Բարձրագույն դատական խորհրդի անդամների թվի անբավարարության պատճառով նիստն իրավազոր չէ, ուստի Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը չի կայանա:
Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հունիսի 7-ի նիստում, հանդես գալով որպես դատարան, դռնբաց կարգով քննեց ՀՀ արդարադատության նախարար Ա․Զեյնալյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռ․ Հակոբյանին, Ս․ Միքայելյանին, Ս․ Անտոնյանին, Վ․ Ավանեսյանին, Ա․ Բարսեղյանին, Մ․ Դրմեյանին, Գ․ Հակոբյանին, Տ․ Պետրոսյանին, Է․ Սեդրակյանին և Ն․ Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու: