Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130369
A A
Հասարակություն

Ինչու է Քոչարյանը դատարան մտնում ուրիշ դռնով. Ալումյանի պարզաբանումը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ չէ, որ դատարանի դահլիճ է մտնում փակ դռնով: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ շարունակվում է Սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։

«Պարոն Քոչարյանը միշտ էլ ազատության մեջ եղած ժամանակ ինքն է եկել դատարանի դահլիճ: Ինքը եկել է դատարանի դահլիճ այն ճանապարհով, որով անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը: Որովհետեւ ինքն այն պաշտոնատար անձանցից մեկն է՝ նախկին նախագահը, որի վրա տարածվում  են օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում նաեւ, թե ինչպես պետք է կազմակերպվի նրա անվտանգությունը եւ ինչպես պետք է մուտք գործի եւ դուրս գա»,-ասաց Հայկ Ալումյանը:

Լրագրողները հիշեցրին, որ երբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նիստերի դահլիճ մուտք գործեց դատավորի դռնից, Հայկ Ալումյանը հայտարարությամբ հանդես եկավ, թե ինչու է գլխավոր դատախազն այդ մուտքով ներս մտնում:

Ալումյանը նշեց, որ  ՀՀ գլխավոր դատախազը  եւ Ռոբերտ Քոչարյանը չեն կարող նույն մակարդակի վրա լինել. «Նույն կանոնները չեն տարածվում դատախազի վրա, որոնք տարածվում են պաշտոնաթող նախագահի վրա: Դատախազությունը մի փոքր շփոթել է, դատախազությանը թվացել է, թե պարոն Քոչարյանը դատարանի նիստերի դահլիճում գտնվող դատավորի դռնից է ներս մտել: Պարոն Քոչարյանը էդտեղից չի ներս մտել, պարոն Քոչարյանը ներս է մտել ուրիշ դռնից, իսկ դահլիճ մտել է նույն դռնով, ինչով մենք բոլորս: Եւ դուրս եկավ նույնպես էդ դռնով: Բայց ինքը փողոց դուրս չի գալիս նույն դռնով, ինչով մենք բոլորս»,- ասաց նա: