Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130320
A A
Քաղաքականություն Հասարակություն

Քոչարյանի պաշտպանը գրավոր հրաժարվեց հայցից, Փաշինյանի պաշտպանը՝ 650 հազար դրամ պահանջեց (տեսանյութ)

«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով  դատաքննությունն ավարտվեց։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը գրավոր դիմում ներկայացրեց դատարանին՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ գործի նախապատրաստական փուլում ներկայացվել է հայցից հրաժարվելու մասին դիմում՝ գործի քննությունը հայտարարում եմ ավարտված»,- նշեց  դատավոր Լարիսա Սարգսյանը:

Նա հայտարարեց, որ գործով վճիռը դատարանը կհրապարակի հունիս 24-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ  Գևորգ Գյոզալյանը, անդրադառնալով գործին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համար այս հայցն անհասկանալի էր։

Նա նշեց, որ տվյալ հայտարարությունները կարդալու դեպքում էլ տեսանելի կլիներ, որ իր վստահորդի խոսքը սահմանադրաիրավական նորմի մեկնաբանության հետ կապված դատողություն է։

Փաստաբանը նշեց, որ պատասխանող կողմը, որպես դատական ծախսերի փոխհատուցում, 650 հազար դրամ է պահանջում։

«Որպեսզի հետագայում կանխվի նման անհիմն հայցերն իմ վստահորդի դեմ, մենք  պետք է հետամուտ լինենք, որ այդ հարցը լուծվի»,- ասաց Գյոզալյանը։

Նա նշեց,որ գումարը պահանջելու հիմնական նպատակն այն է, որպեսզի նմանատիպ հայցեր ներկայացնողները իմանան, որ դատական ծախսերը գոնե պետք է փակեն։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:

Նախօրեին կայացած դատական նիստում պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն ասաց․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վերաբերվել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:

Ուստի Հայլ Ալումյանը հրաժարվեց հայցից։

 

Տեսանյութը՝ News.am-ի