Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԴԱՏԱՐԱՆ
A A
Հասարակություն

Նախկին դատավորը չի ընդունում կաշառքի մեղադրանքը (տեսանյութ)

Քիչ առաջ նախկին դատավոր Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը բացարկի միջնորդություն  ներկայացրեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:

Միջնորդության հիմքում նա նշել է մի քանի կետեր, մասնավորապես այն, որ այս տարվա մայիսի 27-ին, երբ որ Հեբոյանին փորձել են ներկայացնել դատական նիստին, նրան ուղեկցող ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են գործադրել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով, որի հետևանքով պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է: Այս միջադեպի առնչությամբ նա դիմել է ՀՔԾ, և հարուցվել է քրեական գործ, որով նա համարվում է տուժող:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ վնասվածքների մասին Հեբոյանը տեղեկացրել է դատավորին, ինչին վերջինս ուշադրություն չի դարձրել. «Ուստի մենք կարծում ենք, որ այս խախտումները հնարավոր կլինի վերացնել Ձեր ինքնաբացարկի դեպքում»: Բացի դա, Նադիրյանը միջնորդությանը կից ներկայացրեց Հեբոյանի բժշկական հետազոտությունների արդյունքները:

Պաշտպանը նաև հավելեց, որ իրենք պատշաճ ծանուցում չեն ստացել՝ նիստին ներկայանալու համար: Միջնորդությանը միացավ նաև Հեբոյանը և ասաց. «Դուք չեք կարող պատշաճ դատավոր լինել, քանի որ չեք կարդացել իմ գործով առաջին հատորը: Եթե կարդացած լինեիք, կտեղեկանայիք, որ ես հրաժարվել եմ պաշտպան Կրոմվել Գրիգորյանից: Ինչո՞ւ եք դուք նրան ծանուցել»:   

Մեղադրող Արթուր Չախոյանը, արձագանքելով պաշտպանական կողմին, ասաց, որ դատական նիստի ծանուցման օրվա և ժամի մասին դատարանը բավարար միջոցներ ձեռնարկել է, որ նրանք ծանուցվեն և ներկայանան: Բացի դա, նա նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած միջադեպի մասին այդ օրը իր կողմից ծանուցագիր է ներկայացվել գլխավոր դատախազին:

Դատավորը հեռացավ խորհրդակացական սենյակ  եւ վերադառնալուց հետո միջնորդությունը մերժեց՝ անհիմն լինելու պատճառով։

Մեղադրական եզրակացությունը հետևյալն է. 

Վահագն Ռաֆիկի Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն։

Առաջադրված մեղադրանքներում Գագիկ Հեբոյանը եւ Վահագն Դանիելյանն իրենց մեղավոր չեն ճանաչում։