Բացել լրահոսը Փակել լրահոսը
1-delete-yourself
A A
Պաշտոնական Հասարակություն

Կիսամերկ երեխայի խնդրահարույց լուսանկարը հեռացվել է համացանցից

Երևանյան նոր զբոսայգում կիսամերկ երեխայի խնդրահարույց լուսանկարը հեռացվել է համացանցից.  այս մասին հայտնում  Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը

Հունիսի 11-ին ֆեյսբուքյան օգտատեր, լուսանկարիչ Գարիկ Ղազարյանն իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երևանի զբոսայգիներից մեկի շատրվաններում կիսամերկ տղա երեխայի լուսանկար: Առաջին հայացքից «անմեղ» այս լուսանկարն իրականում խնդրահարույց էր անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով երեխային լավագույն շահի սկզբունքը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հորդորով լուսանկարի հեղինակն արդեն իսկ հեռացրել է այն իր էջից: Ուստի Գործակալությունը դիմում է բոլոր այն օգտատերերին, ովքեր ևս կիսվել են այս լուսանկարով, հեռացնել այն իրենց էջերից:

Հիշեցնենք, որ մարդու լուսանկարը համարվում է կենսաչափական անձնական տվյալ, ուստի ենթադրելի է, որ այն ունի պաշտպանության ավելի բարդ մեխանիզմ և մինչև այն մշակելը, այդ թվում փոխանցելը և կամ տարածելը, պետք է ստանալ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը: Երեխաների դեպքում տվյալների սուբյեկտը նրա օրինական ներկայացուցիչն է (ծնող, խնամակալ և այլն): Սակայն երեխայի լավագույն շահի սկզբունքի համաձայն, որոշ դեպքերում, երբ անգամ երեխայի օրինական ներկայացուցիչը չի առարկում, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը կարող է արգելել երեխայի անձնական տվյալի մշակումը: