Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Կինո գալի՞ս ես: ճճճ»

«Ոսկե ծիրանը», որ այս տարի Երևանում կմեկնարկի արդեն 16-րդ անգամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համոզմամբ սոսկ կինոփառատոն չէ: Այն լավ հնարավորություն է Հայաստանը, որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր, աշխարհի քարտեզի վրա ավելի տեսանելի դարձնելու գործում: Պարոն Յիրիկյանի խոսքով, հենց սա գիտակցելով է նաև, որ տարիներ շարունակ կինոփառատոնի գլխավոր գործընկերն են հանդիսանում: Եվ հումորով շարունակում խոսքը՝ «նաև, որ Հարություն Խաչատրյանի սիրտը լավ աշխատի»:

Իսկ Հարություն Խաչատրյանի սիրտը կարող էր «լավ չաշխատել», քանի որ «Ոսկե ծիրան»-ի բյուջեն մշակույթի նախարարությունը կրճատել էր և խոստացած 55մլն-ի փոխարեն 30 մլն էր տրամադրել:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրը նշեց, որ այս տարի փառատոնը որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ փոփոխություն է կրել նաև փառատոնի ղեկավար կազմը: Հարություն Խաչատրյանի խոսքով, նոր ներկայացուցիչները երիտասարդներ են և փորձում են անել հնարավորը՝ կինոփառատոնը կինոտոն դարձնելու համար: Սակայն նրանց երազանքներն ու պատրանքները ֆինանսների հետ չէին համապատասխանում: Եվ պարոն Յիրիկյանը օգնության ձեռք մեկնեց ու խոստացած 50 մլն-ը դարձրեց 60 մլն»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նորանշանակ տեղակալ Արա Խզմալյանը համամիտ է, որ «Ոսկե ծիրան»-ը բարձրացնում է մեր երկրի վարկանիշը և փառատոնը ունի ռազմավարական նշանակություն:

«Ոսկե ծիրանը» այս տարի կմեկնարկի հուլիսի 7-ին: Այսօր կազմակերպիչները ներկայացրեցին կինոփառատոնի այս տարվա պաշտոնական պաստառները: Նրանց խոսքով, տառերի վրա հիմնված մինիմալիստական պաստառները բաժանվում են հիմնականի ու երկրորդականի: Երկրորդականներից է, օրինակ՝ «Կինո գալիս ես: ճճճ» պաստառը: Այսօրվա հատուկ «սլենգով» գրված «կոֆե, կենտրոն, կինո» պաստառները պետք է տրամադրություն ստեղծեն:

Բանախոսները տեղեկացրեցին նաև, որ այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: