Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բաքու գնա՞լ, թե՞ չգնալ. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)

 Հունիսի 19-ից 21-ը  Բաքվում կայանալու է Սևծովյան տնտեսական համագործակցության  խորհրդարանական վեհաժողովի 53-րդ լիագումար նստաշրջանը։

Օրակարգում ՍԾՏՀ ԽՎ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է։ Կմասնակցի արդյո՞ք հայկական պատվիրակությունը այդ նիստին։

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակության անդամ   Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում սրա առնչությամբ հարց էր բարձրացրել՝ Բաքու գնա՞լ, թե՞ չգնալ։ Կտրուկ մերժող  և կտրուկ կողմնակից կարծիքներ է ստացել Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան օգտատերերից։

«Երբ որ մեր պատվիրակության անդամներով հավաքվեցինք և խորհրդակցեցինք այդ հարցով, նախնական կարծիք եմ հայտնել, որ մասնակցությունը կարևոր է, բայց կա իրավիճակ, հայտնի դեպքերը Հենրիխ Մխիթարյանի Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելը»,- ասաց նա։

ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը  և  մյուս 2 անդամները «Իմ քայլը» խմբակցությունից են։

Քննարկումների արդյունքում պատվիրակությունում  նպատակահարմար չեն համարել մասնակցել միջոցառմանը։

Ի դեպ, ըստ Էնֆիաջյանի՝ ՍԾՏՀ ԽՎ-ում խախտում է եղել՝ կապված 53-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքները Ադրբեջանում անցկացնելու հետ։  Նրա խոսքով՝ Մոլդովայում պետք է տեղի ունենար վեհաժողովի աշխատանքները։

Մենք պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանից և անդամ Արտակ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չեն նպատակահարամար համարել մասնակցել միջոցառմանը, սակայն  նրանք չցանկացան հստակ մեկնաբանություն տալ, բայց հավելեցին, որ  թեմայի առնչությամբ օրեր անց ասուլիսով հանդես կգան։

Մանրամասները՝ տեսանյութում։