Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է. Թորոսյանը՝ Արա Մինասյանին ուղղված մեղադրանքների մասին (տեսանյութ)

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ դատավոր Սարգիս Երիցյանի կողմից կայացված որոշմանը, որով ինքը պարտավորեցվում է ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից:

«Դատավարական պրոցեսներով զբաղվում է իմ փաստաբանը, նրանից կարող եք տեղեկանալ հետագա գործընթացների մասին», - ասաց նա և հավելեց՝ այն, ինչ որ ասել է, ուժի մեջ է:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Երիցյանի նախագահությամբ, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պարտավորեցրել նրան ներողություն խնդրել Արա Մինասյանից։

Նախարարից հետաքրքրվեցինք նաև երեկ՝ հունիսի 10-ին, 46 համարի երթուղայինում տեղի ունեցած միջադեպից, երբ ուղևորը վարորդին նկատողություն էր արել ծխելու համար, ինչից հետո երթուղայինում վեճ էր սկսվել։ Առողջապահության նախարարը նշեց, որ դիմել է ոստիկանապետին՝ միջոցներ ձեռնարկելու համար։ Նախարարը կարծում է, որ վարորդին աշխատանքից ազատելը դաս կլինի մյուսների համար։

 «Դա մարդկանց իրավունքի ոտնահարում է»,- ընգծեց Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին, որը ամիսներ շարունակ բուռն քննարկումների առիթ էր դարձել, Արսեն Թորոսյանը հույս հայտնեց, որ նախագիծը Ազգային ժողով կգա ամռանը։  Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ այս նախագիծը կառավարությունում միանշանակ չի ընդունվել։ Հարցին, թե նախագիծը քաղաքական աջակցություն ունի, թե ոչ, Թորոսյանը պատասխանեց.

«Նախագիծն ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է ավելի վեր դասվի, քան քաղաքական նպատակահարմարությունը»։

Արսեն Թորոսյանը նշել էր, որ մարզային բուժհաստատություններ բժիշկները գործուղման չեն գնում։

Նախարարի կարծիքով՝ բժիշկներին ոչ թե պետք է ստիպել, որ նրանք գնան, այլ անել ամենը, որպեսզի նրանք ցանկություն ունենան գնալ: «Մենք փորձում ենք մաքսիմալ լավ պայմաններ ապահովել այն բժիշկների համար, որոնց գործուղում ենք մարզեր»,- ասաց Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։