Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Օրենքի նախագիծը խորհրդարան է եկել խախտումներով. Էդմոն Մարուքյան

Կառավարության կողմից ներկայացված պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ընդունվեց  92 կողմ, 15 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 

Մինչ քվեարկությունը, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  նշեց, որ այս  օրենքի նախագիծը խորհրդարան է եկել սահմանված ընթացակարգերի խախտմամբ:

«Ինչո՞ւ, որովհետեւ պետաիրավական հանձնաժողովը պետք է նիստ գումարեր: Մենք տեսնում ենք, որ կառավարությունը ուշացած օրենքը բերել է, ավելին` ասեմ, որ այնտեղ, երևի չկա որևէ մեկը, որ հետեւի, որ նման իրավիճակում մենք չհայտնվենք, երբ լրանում է օրենքի գործունեության ժամկետը: Կարելի է մեկ  ամիս շուտ բերել, հանգիստ քննարկենք եւ մեր մտահոգություններն արտահայտենք: Մենք ձեռնպահ ենք քվեարկել՝ հույս ունենալով, որ պետաիրավական հանձնաժողովը նիստ կգումարի, հիմա դեմ ենք քվեարկելու։ Սա նաեւ ուղերձ է կառավարությանը, որ ինչ որ մեկին հորդորեք կամ հանձնարարեք՝ օրենքների ժամկետներին հետեւել, հետո չբերեք 24 ժամում մեզ այստեղ օրենք ընդունել տաք»,-ընդգծեց պարոն Մարուքյանը:

ԱԺ Պետական-Իրավական հարցերի մշտական   հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն արձագանքելով ԼՀԿ խմբակցության ղեկավարին, նշեց, որ հանձնաժողովի նիստ չեն հրավիրել, քանի որ այդպես հնարավորություն չէին տա սահմանված երկօրյա ժամկետում  ԱԺ պատգամավորներին գրավոր կերպով ներկայացնել իրենց առաջարկությունները.

«Երկրորդ.  նիստի ժամանակ հայտարարություն է եղել, որ բոլոր խորհրդարանական ուժերը, որոնք ներկայացված են հանձնաժողովում, հրավիրվում են աշխատանքային քննարկում կազմակերպելու  այս հարցի վերաբերյալ:  ԼՀԿ  ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը ներկա է գտնվել այդ քննարկմանը:  Պատգամավորները հնարավորություն ունեին առաջարկներով հանդես  գալ, որեւիցե առաջարկ չի եղել: Հանձնաժողովը պատրաստ է եղել քննարկել նշված օրինագիծը»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:

ԱԺ արտահերթ նիստում, որը տեւեց 20 րոպե, ընդունվեց նաեւ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 109 կողմ ձայներով: