Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Ինչպես   դատախազ Արթուր Դավթյանը Արսեն Արծրունու գործը հասցրեց Եվրադատարան (տեսանյութ)

«Դրոյի»  գործով  ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին  կարծում է, որ մինչեւ 2020թ հունվար  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի իր գործով որոշումը։  «2012թ  դեկտեմբերին ես  ազատ պետք է լինեի, եթե արդարություն լիներ»,-ասում է  նա՝  նկատի ունենալով հանգամանքը, որ մեր երկրում «կրկնահանցագործությունը» վերացել էր, բայց իր մեղադրանքը չփոփոխվեց դատարան դիմելուց հետո:

«Ա1+»-ի հետ հարցազրույցում Արսեն Արծրունին  հիշեց, որ այն ժամանակ   դատարանում  «դատախազ Դավթյանը պահանջել էր կրկնահանցագործությունը փոխարինել «մեկից ավելի մարդկանց» կոչվող ծանրացուցիչ հանգամանքով, որը թույլ էր տալիս ցմահ ազատազրկումը պահել անփոփոխ»։

Արսեն Արծրունին մանրամասնում է՝  խոսքը  ներկայիս  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասին է, եւ նրա այդ արտահայտությունը իրենց համար հիմք է դարձել ՄԻ Եվրոպական դատարան  դիմելու։

 Նա կարծում է, որ մեր երկրում «ցմահականների գործերը բացելու տաբու կա»։   Չեն աշխատում վաղաժամկետ ազատ արձակման, ներման ինստիտուտները։

Ընդհանրապես ցմահականները չգիտեն ինչ անել, որպեսզի հնարավորություն ունենան երբեւիցե ազատության մեջ հայտնվելու՝ ի տարբերություն մյուս  դատապարտյալների, որոնք գիտեն, որ պատժի ժամկետը լրանալուց հետո դուրս կգան բանտից:

«Ես ուզում եմ իմանալ՝ ինչ պետք է անեմ: Եթե ես 100 կգ քար պետք է շալկեմ, վաղվանից ես կսկսեմ  ֆիզիկապես պարապեմ, որ բարձրացնեմ»,- ասում է նա:

«Ա1+»-ի հետ հարցազրույցի երրորդ մասում  Արսեն Արծրունին խոսում է  դատական  գործերի, տաբուների, ներման եւ տուժողի ինստիտուտների, ակնկալիքների, ինչպես նաեւ իր առողջության մասին: