Բացել լրահոսը Փակել լրահոսը
62305333_336498383708557_3343106559277268992_n
A A
Քաղաքականություն

Հույս ունենք, որ սպանությունների մասով կլինեն շղթայական բացահայտումներ․ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  երեկ ուշ երեկոյան, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  որոշում կայացրեց կալանավորել Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին։

Այս առնչությամբ «Ա1+» -ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ։

«Կարծում եմ, որ շատ կարևոր  իրադարձություն էր։ Սպանություններով ունենք առաջին մեղադրյալը։ Եվ որքանով ես տեղյակ եմ, մեղադրանքը շատ ամուր է։ Ես կարծում եմ, որ առաջիկայում, այս մասով գործը կանջատվի և կգնա դատարան՝ Զաքար Հովհաննիսյանի մահվան հանգամանքների հետ կապված կամ սպանության մասով։ Ու ես բազմաթիվ անգամ հայտնել եմ մտահոգություն, որ 11 տարիների ընթացքում նախկին իշխանությունների ձեռքով ամեն ինչ արվել է, որպեսզի կոծկվեն սպանությունները և հնարավոր չլինի բացահայտել դրանք»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Սակայն նրա խոսքերով՝  անկախ բոլոր այդ բարդություններից, Զաքար Հովհաննիսյանի սպանության հետ կապված այս զարգացումներն իրենց հույս են տալիս, որ  շուտով կլինեն շղթայական բացահայտումներ և սպանությունների մասով մնացած անձանց դրվագներով նորից կլինի կատարողների վերաբերյալ տեղեկություն և այդ կատարողներն ի վերջո նույնպես կկանգնեն դատարանի առջև։