Բացել լրահոսը Փակել լրահոսը
maruqyan
A A
Քաղաքականություն

Ցմահ դատապարտյալը բանտից դուրս գալուց հետո դիմել է դատարան, որ գործը վերաբացվի (տեսանյութ)

Պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների պատճառով  վեց ամիս   առաջ ազատության մեջ հայտնված  ցմահ   դատապարտյալ Վահագն Մարուքյանը  դատարանում է։ Այս անգամ ինքն  է  դիմել . նա բողոք է գրել  նախկինում հատուկ կարևորագույն գործերով քննիչ Անդրանիկ Միրզոյանի որոշման դեմ և ցանկանում է, որ իր գործը վերաբացեն:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորքի նստավայրում նշանակված էր նրա բողոքի քննությունը, սակայն դատախազը գրություն էր ուղարկել դատարան, որ իր բացակայությունը հարգելի համարեն և դատական նիստը հետաձգեն:

Վահագն Մարուքյանը,որը  Վանաձորից  եկել էր Երեւան,  դժվարությամբ տեղաշարժվում է ձեռնափայտերի օգնությամբ։

Վահագն Մարուքյանը  վստահեցրեց,  որ ինքը մինչև վերջ պայքարելու է, որ իր գործը վերաբացվի.

«Ես պահանջում եմ, որ Անդրանիկ Միրզոյանի բեսպրեդելությունը բացահայտվի: Ի՞նչ ա Անդրանիկ Միրզոյանը հրեշտակ է երկնքից իջած, որ մենակ իրա գրածով բոլոր հարցերը որոշվեց: Չկա տենց բան: Իսկ այսօրվա դրությամբ ՀՔԾ-ում,դատախազությունում ես գիտեմ ինչ բարիդրացիական հարաբերությունների մեջ են: Իսկ քննչականին ես ոնց գրում եմ, փաստացի ներկայացնում՝ ասում են, որ Անդրանիկ Միրզոյանի և իրավապահ մարմինների իրականացված գործողությունները համարվում են օրինական: Ի՞նչն  է օրինական»,- ասաց Վահագն Մարուքյանը.

Նա ակնկալիքներ ունի և նշում է, որ դրա համար հիմք է հանդիսացել անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխությունը: Վերջինս նշում է, որ ինքն ազատության մեջ է հայտնվել հեղափոխության շնորհիվ.

«Եվ ես հույս ունեմ, որ հեղափոխության շնորհիվ այս «մարդակերներին», որ մաղեն, արդարությունը որոշակի ձևով կիրականացնի իր գործունեությունը»,-ասաց Վահագն Մարուքյանը.

 Հիշեցնենք, որ Վահագն Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Նա կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: Մարուքյանը դատապարտվել է մահապատժի, իսկ 2003թ.-ից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: