Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Հրայր Թովմասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Այս մասին հայտնում է ՍԴ մամլո ծառայությունը։

Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և հետագա հաջողություններ մաղթել վերջինիս:

Դեսպանն իր հերթին գոհունակություն է հայտնել Սահմանադրական դատարանին և անձամբ՝ Հրայր Թովմասյանին վերջին շրջանում ակտիվ և արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում հնարավոր եղավ բարձր մակարդակով կազմակերպել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և դրա շրջանակներում՝ արգասաբեր և բովանդակալից հանդիպումներ:

Հրայր Թովմասյանը բարձր է գնահատել GIZ-ի իրավական ծրագրի հետ Սահմանադրական դատարանի արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել սահմանադրական իրավունքի ոլորտում գերմանացի գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրեր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ու խնդիրներին՝ կարևորելով այդ բարեփոխումների իրականացումը ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ:

Հանդիպման ավարտին Հրայր Թովմասյանը նշել է, որ Մաթիաս Քիսլերին Հայաստանում հիշելու են իբրև բանիմաց և հաջողված դիվանագետի, որի առաքելությունը արձանագրել է նոր հաջողություններ Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման և զարգացման համար: Դեսպանն իր հերթին նշել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով: