Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթարտադրողները դժգոհում են մթերման գներից

Հասարակություն
kat

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներն այս շրջանում կաթը մթերում են 120-130 դրամով: Այսօր հրավիրված Ֆերմերների կոնգրեսում մոտ 100 ֆերմեր ներկայացրեց ոլորտի խնդիրներն ու բարձրաձայնեց լուծման տարբերակները:  «Ա1+»-ի հետ զրույցում Արագածոտնի մարզի «Աստղիկ» կաթնամթերքների արտադրության սպառողական կոոպերատիվի նախագահ Սոս Հրոյանն ասաց, որ կաթարտադրողները դժգոհում են հիմնականում մթերման գներից:

Սոս Հրոյանին անհանգստացնում է նաեւ շուկայում մրցակցությունը: Փոքր ու միջին արտադրողները իրացման խնդիր են ունենում:

«Խոշոր արտադրողների հետ նաեւ մրցակցության խնդիր ունենք: Խոշորներն իրենց սարքավորումներով կարող են օրինակ՝ պանիր արտադրել նաեւ կաթի փոշիով, իսկ փոքր ու միջին արտադրողները ԱԱՀ-ի հետ խնդիր ունեն»,- ասաց պարոն Հրոյանը:

Հողագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվող Վարդան Միրզախանյան Արմավիրի մարզից, «Ա1+»-ի հետ զրույցում  հույս հայտնեց, որ այս տարի գյուղմթերքի հետ կապված խնդիրներ չեն առաջանա՝ հիշեցնելով նախորդ տարվա լոլիկի շուկայում դեֆիցիտի մասին. «Տարին եթե լավ լինի, բոստանային մշակաբույսերից մինչեւ 100 տոննա բերք կստանանք»:

Գյուղատնտեսության ոլորտի մեծագույն խնդիրը՝ հողի արդյունավետ օգտագործման խնդիրն է: Գյուղատնտեսական վարելահողների 45 տոկոսը չի օգտագործվում: Այսօր ֆերմերների կոնգրեսում լրագրողների հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության արդեն նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

«Սա լրջագույն խնդիր է մեր երկրի համար: Հողերի չօգտագործման հիմնական պատճառը եկամտաբերության պատճառն է, գյուղատնտեսության ոլորտում ծախսերը շատ են, ցածր է արտադրողականությունը, ինչը բերում է ինքնարժեքի բարձրացման: Կարեւոր խնդիր է նաեւ այն, որ առանձին հատվածներում կա կայուն  ջրամատակարարման խնդիր: Մի շարք հողատարածքներ ուղղակի չեն օգտագործվում բնակավայրերից բավականին հեռու գտնվելու պատճառով։ Շատ են դեպքերը, երբ հողի սեփականատերերը տասնյակ տարիներ բացակայում են հանրապետությունից»,-նշեց Գառնիկ Պետրոսյանը: