Ծխախոտի գինը բարձրացել է, բայց գնորդները չեն պակասել
Աջակցիր «Ա1+»-ին«18 տարի շարունակ կյանքս չեմ պատկերացրել առանց ծխախոտի, բայց առողջական խնդիրներ ունենալուց հետո որոշեցի այլևս չծխել։ Հիմա եմ հասկանում միայն, որ ծխախոտը թողնելը լավագույն որոշումներիցս է եղել, որ կայացրել եմ»,-ասում է մեր հարցման մասնակիցներից Սերգեյ Ալավերդյանը։
Նա կողմ է ՀՀ առողջապահության նախարարության՝ ծխախոտի կանխարգելմանն ուղղված օրենքի նախագծի ընդունմանը։ Ասում է՝ որոշակիորեն կնվազեցնի առողջությանը վնաս պատճառելու ռիսկերը, բայց դա չպետք է արվի պարտադրանքով։
Մայիսի 31-ը նշվում է որպես Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է տարվա մեջ գոնե այս մեկ օրը չծխել։
Ծխախոտի վնասակարության մասին խոսում են բոլորը, նույնիսկ ծխախոտ օգտագործողները, սակայն դրանից հրաժարվել կարողանում են քչերը։
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է արգելել հանրային վայրերում ծխախոտի օգտագործումը։ Օրենքի նախագիծը հանրային քննարկումների առիթ է դարձել, իսկ մեկնաբանությունները տարբեր են։
Քաղաքացի Գագիկ Պետրոսյանն ասում է, որ Հայաստանը պատրաստ չէ նման փոփոխությունների։
«Մեր երկիրը չունի բավարար ռեսուրսներ և տարածքներ, որպեսզի ծխող մարդուն պարտադրի չծխել այն տարածքում՝ ռեստորանում, սրճարանում, որտեղ իրենք արգելում են։ Թող ստեղծեն պայմաններ, հետո օրենքներ ընդունեն», - ասում է Գագիկ Պետրոսյանը։
Խանութներ ունեցած մեր այցելություններից պարզվեց, որ ծխախոտի մեկ տուփի գինը արդեն իսկ 30-ից 50 դրամով բարձրացել են, սակայն նույնիսկ թանկացումները որևէ էական նշանակություն չեն ունեցել։
«Օրինակ՝ եթե մարդը գնում էր 550 դրամ արժողությամբ ծխախոտ, հիմա ավելի էժան տարբերակ է սկսում փնտրել։ Միևնույնն է, ինչքան էլ թանկանում է ծխախոտը, պահանջարկը նույնն է»,-ասացին խանութում։
Օրենքը դեռ չի ընդունվել և բիզնես-ներկայացուցիչներն իրենց կարծիքներն են արտահայտում։ «Մասուր» ռեստորանի համահիմնադիր Արգամ Մուղդուսյանը կողմ չէ օրենքի նախագծի ընդունմանը, քանի որ դրանից տուժելու են հիմնականում փոքր ձեռնարկությունները։ Թեև օրենքն ուղղված է ծխախոտի բացասական ազդեցությունը նվազեցնելուն, այնուամենայնիվ, դա բացասական կարող է լինել գործարարների համար։
«Հայաստանում չի վերացել ծանոթ-բարեկամով հարցեր լուծելու սովորույթը։ Մենք կկատարենք կառավարության պահանջը, իսկ ավելի մեծ ռեստորանային ցանցերը, որոնք ունեն տարբեր առանձնասենյակներ, էլի մի քանի զանգով կկարողանան ապահովել հարմար միջավայր ծխախոտ օգտագործների համար։ Արդյունքում՝ ոչինչ էլ չի փոխվի»,-ասաց նա։