Հովհաննես Հովհաննիսյանը Էդմոն Մարուքյանին խորհուրդ տվեց հանգստություն ցուցաբերել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին դուր չի եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումները՝ կապված Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու Գեղամ Գևորգյանի հետ:
Մասնավորապես՝ Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, գրելով հետևյալը.
«Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ եթե Գեղամ Գևորգյանն է դառնալու ռեկտորի ԺՊ, ապա էլ ի՞նչ «Նոր համալսարան»...»:
Նշենք, որ այսօր ժամը 15:00-ին ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրելու: 3 թեկնածու կա՝ Գեղամ Գևորգյանը, Վահե Հովհաննիսյանը և Վահրամ Դումանյանը:
Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Էդմոն Մարուքյանը ռեկտորի հավանական թեկնածուներից մեկի հետ մտերիմ հարաբերություններ ունի, բայց թե որ մեկի հետ, պատգամավորը չնշեց իր խոսքում:
«Եթե պարոն Մարուքյանը գիտի, թե ո՞վ է ընտրվելու, թող միանգամից ասի, խորհրդի նիստ այլևս չանենք: Այդ կարգի գրառումները հոգեբանորեն ազդում են հոգաբարձուների խորհրդի այլ անդամների վրա»,- նկատեց պատգամավորը և հավելեց, որ զերծ մնան համալասրանների հետ կապված գրառումներ անել, մանավանդ քաղաքական կոնտեկստով:
« Դրանով դուք չեք նպաստում, որ առավել լավ կրթական միջավայր ստեղծեք, ճիշտ հակառակը՝ խոսեք բովանդակությունից, կամ մինչ այսօր տեղի ունեցած արատավոր երևույթներից: Որևէ մեկը չէր խոսում, երբ որ հետապնդում էին դասախոսներին, բայց այսօր բոլորը խոսում են այս կամ այն թեկնածուից»,- նկատեց նա:
Պատգամավորը Էդմոն Մարուքյանին խորհուրդ տվեց հանգստություն ցուցաբերել և չխառնվել նուրբ հարցին, ինչպիսին բուհական միջավայրն է: