Բացել լրահոսը Փակել լրահոսը
20190530_110447
A A
Սպորտ

«Խաղերի վաճառքի» մեջ մեղադրված մարզիչը արդարացվել է

«Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանն արդարացվել է: Մոտակա շաբաթվա ընթացքում նրան կվերադարձնեն նաև մարզիչի արտոնագիրը:
Սիմոնյանը մեղադրվում էր « ֆուտբոլային խաղերի վաճառքի» մեջ: Արտոնագրից զրկված մարզիչը Sputnik Armenia մամուլի ակումբում խոսեց արդարացման համար 3,5 տարի տևած պայքարի մասին: Նշեց ՝ պատրաստվում էր հացադուլ անել նաև ՈՒԵՖԱ-ի գրասենյակի դիմաց, եթե չհասներ արդարացման:

«Վանեցյանին ասացի,  եթե Ազգային անվտանգությունում նույնիսկ մի փոքր բան լինի իմ դեմ՝ ես կգամ, կստորագրեմ ու կգնամ 5 տարի կնստեմ: Մի շաբաթ հետո ինձ զանգահարեցին և ասացին՝ պարոն Վանեցյանը կարգադրել է, որ քո լիցենզիան տրամադրեն»:

Sputnik Armenia-ի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանի խոսքով եղել է հեռախոսազանգ, որի ժամանակ Սիմոնյանը հրաժարվել է կատարել իրենից պահանջածը՝ փոխել դարպասապահին: Հենց այս հանգամանքն է օգնել նրան  արդարացվել:

«Այն ընթացքում, երբ Գագիկը անազատության մեջ էր, նրա հետ միասին կալանավորված էին ևս 1 մարզիչ, 2 ֆուտբոլիստ և 1 ադմինիստրատոր: Նրանց նկատմամբ կային փաստացի ապացույցներ՝ խաղադրույքներ կատարելու վերաբերյալ: Այդ մարդիկ հիմա գտնվում են ազատության մեջ, բայց նրանց արդարացնող  որևէ որոշում ես չեմ լսել»,- նշեց Չախոյանը:

Ըստ մարզչի՝ խոսք գնում էր 2.5 մլն դոլարի հասնող խաղադրույքների մասին: Ինքը վստահ է՝ դրանք Հայաստանից չեն կատարվել, քանի որ մեր երկրում խաղադրույքները նման չափերի չեն հասնում:


Այժմ Գագիկ Սիմոնյանն ունի աշխատանքի առաջարկություն՝ «Արարատ» ֆուտոբալյին ակումբից, որի շուրջ դեռ բանակցություններ են ընթանում:

Հիշեցնենք՝ «Ուլիս» ֆուտբոլային ակումբը 2015-ին անցկացրեց իր վերջին մրցաշրջանը՝ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Թիմը զբաղեցրեց երկրորդ տեղն ու հետո հայտնվելով աղմկահարույց սկանդալի մեջ՝ լուծարվեց: Ակումբի որոշ ֆուտբոլիստներ ու մարզիչներ մեղադրվեցին «խաղեր վաճառելու» մեջ, իսկ թիմի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը 2015-ի դեկտեմբերի 24-ին  ձերբակալվեց ու կես տարով ազատազրկվեց: