Բուքմեյքերական ընկերության աշխատակիցները գոհ են Բաբկեն Թունյանի հետ հանդիպումից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Գուդվին-Բետ» ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանին եւ մյուս աշխատակիցներին գոհացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սարգիս Միքայելյանը:
Այսօր, առավոտից, Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը փակած բուքմեյքերական ընկերության աշխատակիցները պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ակցիայի մասնակիցները բողոքում են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողով մշտական հանձնաժողովի՝ Բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունված որոշման դեմ:
«Այս պահին, ինչ պահանջ որ ունեին աշխատակիցները, ինչի համար հավաքվել էին, ինչի համար փողոց էին փակել, այո, գոհացնում է հանդիպումը: Պատգամավորները լսել են մեր բոլոր պահանջները և պարոն Թունյանը խոստացել է, որ առաջիկա օրակարգում դրանք քննարկվելու են»,- ասաց Սարգիս Միքայելյանը:
«Մեր ընկերությունը, եթե էլեկտրոնային սարքավորումների միջոցով համակցված վիճակախաղ չի կազմակերպում, հնարավորություն չի տրվում դրանք գոնե կազմակերպել բուքմեյքերական կետերի տիրույթում, մենք ստիպված ենք լինելու օրենքի ուժի մեջ մտնելուց 10 օր հետո անմիջապես փակվել, որովհետև այլ ֆինանսական հնարավորություններ չունենք մոտակա 6 ամիսներին մուծելու հաջորդ մեկ տարվա պետական տուրքը և այլ ֆինանսական հարցեր կարգավորել»,- նշեց «Գուդվին-Բետ» ընկերության տնօրենը: