Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport banants
A A
Սպորտ

«Բանանցի» սեփականատերը կշարունակի բոյկոտել Գեւորգ Եղոյանի վարած խաղերը

Երեւանի «Բանանց» ֆուտբոլի ակումբն այսօր երկարատեւ պայմանագիր կնքեց թիմի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի հետ: Ռուսաստանցի մասնագետի նոր պայմանագրի ժամկետը մինչեւ 2023թ ամառն է:

«Բանանցի» սեփականատեր Ջեւան Չելոյանցը այդ կապակցությամբ հայտարարեց, որ իրեն դուր է գալիս, թե ինչպես է աշխատում Իլշատ Ֆայզուլինը:

«Կան մարզիչներ, որոնք գալիս են թիմ միայն գումար վաստակելու համար: Բայց լինում են նաեւ մասնագետներ, որոնք ցանկանում են թիմի հետ աճել, փորձ ձեռք բերել, հաջողությունների հասնել: Դա շատ կարեւոր որակ է մարզչի համար: Ֆայզուլինը բարձրակարգ մասնագետ է եւ նորմալ է աշխատանք է տանում», - ասաց նա:

«Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք գալիք մրցաշրջանում «Բանանցը» նորից բոյկոտի առաջնության կամ գավաթի խաղարկության հանդիպում, ինչպես դա թիմն արել էր այս տարվա գավաթի խաղարկության «Լոռիի» հետ խաղում, Ջեւան Չելոյանցը միանշանակ այո պատասխանեց:

«Եթե նույն մրցավարը նշանակվի մեր հանդիպմանը, մենք կրկրին չենք խաղա: Կողմնակալ մարդիկ չպետք է աշխատեն ֆուտբոլում: Իմ խոսքերը միայն այդ մրցավարին չի վերաբերում, սակայն առաջին հերթին նրա դեմ էր մեր բոյկոտը», - նշեց «Բանանցի» սեփականատերը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում չկայացած «Լոռի» - «Բանանց» հանդիպման գլխավոր մրցավարը եղել է երեւանցի Գեւորգ Եղոյանը: Վերջինս «Բանանցի» մասնակցությամբ ընթացիկ մրցաշրջանում վարել է 4 խաղ, որից մեկում հաղթել է թիմը, մեկում՝ մրցակիցը, իսկ երկուսն ավարտվել են ոչ-ոքի: