Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ruben Mehrabyan
A A
Քաղաքականություն

Դատական համակարգը պետք է վերափոխվի, կասկած չկա. Ռուբեն Մեհրաբյան

Ունեցել ենք մի խայտառակություն, որի անունն էր արդարադատություն. ասաց Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով դատաիրավական համակարգի մասին։

Մեհրաբյանի խոսքով՝ համակարգը տարիներ շարունակ սպասարկել է մի խումբ մարդկանց և կարմիր գիծը հատվեց ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ։

«Այն, որ դատական համակարգը պետք է վերափոխվի, կասկած չկա», - շեշտեց նա՝ նշելով սակայն, որ այստեղ հարց է առաջ գալիս, թե ինչպես։

Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակումը, Մեհրաբյանի խոսքով, քաղաքական հարց էր և այլ տարբերակ չկար։ Սակայն միաժամանակ նշեց, որ այդ քայլն այդքան էլ հաճելի չէր։

Նրա խոսքով՝ դատավորներին վեթինգի ենթարկելուց առաջ նախ պետք է որոշ հարցերի պատասխաններ հնչեցվեն. թե ովքեր են վեթինգն իրականացնելու և թե ովքեր են վերջիններիս վեթինգի ենթարկելու։

Անդրադառնալով Սասնա Ծռերի՝ Արցախում հեղափոխություն անելու հայտարարությանը, փորձագետը նշեց, որ դա կախված է արցախահայությունից և Հայաստանն էական դերակատարում չի կարող ունենալ, ինչպես նաև նշեց Արցախում կայանալիք ընտրությունների անցկացման հնարավորությունը ոչ թե 2020, այլ՝ 2019 թվականին։ Իսկ Արցախում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը, ըստ նրա, պայմանավորված է Հայաստանում առկա քաղաքական-տնտեսական իրողությունների փոփոխություններով։

Փորձագետն աբսուրդային որակեց Արցախը մարզ հռչակելը՝ ընդգծելով, որ պետք է հասնել Արցախի միջազգային ճանաչմանն ու հակամարտության կարգավորման բանակցությունների սեղան վերադարձնելուն։